Ստորագրվել է գիտահետազոտական կարողությունների...

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ու Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի տնօրեն Արմեն Բաբայանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որն ուղղված է բնապահպանության և ընդերքօգտագործման ոլորտում գիտական, փորձագիտական և հետազոտական կարողությունների զարգացմանը։

Հուշագրի նպատակն է ամրապնդել երկու հաստատությունների համագործակցությունը՝ միավորելով վերահսկողական մարմնի գործնական փորձն ու ինստիտուտի գիտական ներուժը։

Կողմերը կգործակցեն հիդրոտեխնիկական մոդելավորման, հետազոտությունների իրականացման, ջրային ռեսուրսների ռիսկերի գնահատման, ընդերքօգտագործման ոլորտում ընթացիկ և հեռահար ծրագրերի մշակման ուղղություններով։

Համագործակցությունը նպատակ ունի ապահովել գիտելիքահեն որոշումների կայացում, բարձրացնել վերահսկողական և կանխարգելիչ մեխանիզմների արդյունավետությունը և խթանել բնապահպանական քաղաքականության զարգացմանը նպաստող նախաձեռնությունները։