ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը BBC-ին հայտնել է, որ եթե Չինաստանը չփոխի իր քաղաքականությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հարցում, ստիպված կլինի բախվել հետեւանքների։
Սթոլտենբերգն ասել է, որ Պեկինը «փորձում է հասնել երկու արդյունքի»՝ ձգտելով աջակցել թե՛ Ռուսաստանի ռազմական ջանքերին, թե՛ պահպանել հարաբերությունները եվրոպական երկրների հետ։
«Դա չի աշխատի երկար ժամանակով»,- ասել է Սթոլտենբերգը BBC News-ին Վաշինգտոն կատարած իր այցի ժամանակ։
Շվեյցարիայի գագաթաժողովում, որը տեղի ունեցավ անցած հանգստյան օրերին, տասնյակ երկրներ պարտավորվեցին շարունակել աջակցությունը Կիեւին, Ռուսաստանը համաժողովն անվանեց ժամանակի իզուր կորուստ եւ հայտարարեց, որ կհամաձայնի խաղաղության բանակցություններին, միայն եթե Ուկրաինան ըստ էության հանձնվի։
Պատասխանելով հարցին, թե ինչ կարող են անել ՆԱՏՕ անդամները Ռուսաստանին Չինաստանի օգնության հարցում, Սթոլտեբերգը պատասխանել է, որ «մշտական խոսակցություն» է վարվում հնարավոր պատժամիջոցների մասին։
Նրա խոսքով՝ Չինաստանը «շատ տեխնոլոգիաներ է տրամադրում, այնպիսին, ինչպիսին է միկրոէլեկտրոնիկան, որոնք կարեւոր նշանակություն ունեն Ռուսաստանի համար հրթիռներ եւ զենք ստեղծելու գործում, որը նա օգտագործում է Ուկրաինայի դեմ»։
Սթոլտենբերգն ավելացրել է, որ «մի ինչ-որ փուլում մենք պետք է մտածենք ինչ-որ տնտեսական միջոցների մասին, եթե Չինաստանը չփոխի իր վարքը»։
Պեկինն արդեն գտնվում է որոշ պատժամիջոցների տակ Ռուսաստանին աջակցելու համար։ Մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց սահմանափակումների մասին, որոնք վերաբերելու են չինական եւ հոնկոնգյան մոտ 20 ընկերությունների։ Չինաստանը պաշտպանում է իր բիզնեսը Մոսկվայի հետ՝ հայտարարելով, որ չի վաճառում մահասփյուռ զենք եւ «խելամտորեն իրականացնում է երկակի նշանակության ապրանքների արտահանում օրենքներին եւ կանոններին համապատասխան»։



