ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ռազմական դաշինքը չի պլանավորում մարտական ուժեր ուղարկել Ուկրաինա՝ չնայած այն հայտարարություններն և լուրերին, որ որոշ Արևմտյան երկրներ կարող են իրենց զինվորներին ուղարկել Ուկրաինա:
Ստոլտենբերգն Associated Press-ին ասել է, որ «ՆԱՏՕ-ի դաշնակիցներն աննախադեպ աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային»։
«Մենք դա արել ենք 2014 թվականից և ավելացրել ենք լայնամասշտաբ ներխուժումից հետո։ Բայց Ուկրաինայում ՆԱՏՕ-ի մարտական զորքերի տեղակայման պլաններ չկան», - ասել է Յենս Ստոլտենբերգը:
Ուկրաինայում Արևմտյան երկրների զինվորականների հնարավոր տեղակայման առնչությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Կիևին օգնության վերաբերյալ խորհրդաժողովից հետո հայտարարել էր, որ «ոչինչ չպետք է բացառել»։ Նա հայտնել էր, որ «ամեն ինչ հնարավոր է», չնայած բանակցությունների արդյունքում «պաշտոնական» փոխհամաձայնություն ձեռք չի բերվել։