«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականից կոռուպցիայի դեմ պայքարը իշխանության առանցքային խոստումներից էր։ Սակայն Ստեփանավանի համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի գործունեության շուրջ կուտակված փաստերն ու հրապարակումները հարցեր են առաջացնում համայնքի ղեկավարի ունեցվածքի աճի, ընտանիքին փոխկապակցված ընկերությունների գործունեության, համայնքային գույքի տնօրինման և բյուջետային միջոցների օգտագործման վերաբերյալ։
Ո՞վ է Արմեն Գրիգորյանը
Արմեն Գրիգորյանը երկար տարիներ պետական համակարգում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել։ 2000-2010 թվականներին ղեկավարել է Ստեփանավանի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, 2010-2012 թվականներին՝ ՊԵԿ Տաշիրի հարկային տեսչությունը, 2012-2020 թվականներին եղել է «Գազպրոմ Արմենիա»-ի Ստեփանավանի ծառայության պետը։
2020 թվականի նոյեմբերի 24-ին նշանակվել է Ստեփանավանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, իսկ 2021 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվել համայնքի ղեկավար։
Ստեփանավանում զրուցակիցները պնդում են, որ համայնքապետը վայելում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի աջակցությունը, ինչը, նրանց խոսքով, նպաստում է նրա քաղաքական դիրքերի ամրապնդմանը։
Վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ քննադատություն
2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Ստեփանավանի համայնքապետարանը զոհված զինծառայողների ընտանիքներին, կանանց միամսյակի կապակցությամբ, հատկացրել է 50-ական հազար դրամ։ Մինչ այդ նույն ընտանիքները մայիսի 9-ի առիթով ստանում էին 10 հազարական դրամ։
Մի շարք հասարակական կազմակերպություններ այս քայլը գնահատել են որպես վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործում։
Ահազանգ՝ համայնքային գույքի տեղափոխման վերաբերյալ
«Ժողովուրդ» օրաթերթը Ստեփանավանից տեղեկություններ է ստացել, որ Աշոտաբերդ թաղամասում ապամոնտաժված խողովակաշարերը, ճանապարհային բետոնե պանելները, ինչպես նաև քանդվող բազմաբնակարան շենքերից դուրս բերված փայտանյութը տեղափոխվել են համայնքի ղեկավարի կողմից վերահսկվող տարածք։
Խմբագրությունը հրապարակում է լուսանկարները։
Առանձնատուն, Lexus LX600 և հյուրանոց
«Ժողովուրդ»-ի նկարահանող խումբը ֆիքսել է, որ Արմեն Գրիգորյանը կառուցել է շքեղ առանձնատուն, որի արժեքը, տարբեր գնահատականներով, կարող է հասնել շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարի։
Նա շահագործում է նաև Lexus LX600 մակնիշի ավտոմեքենա, որի շուկայական արժեքը կազմում է մոտ 100-130 հազար ԱՄՆ դոլար։
Բացի այդ, համայնքի կենտրոնում ընթանում է հինգհարկանի հյուրանոցի շինարարություն։ Ըստ ստացված տեղեկությունների՝ շինարարության թույլտվությունը տրամադրել է հենց համայնքապետարանը։
Խմբագրությունը հրապարակում է լուսանկարները։
Պարզաբանում ստանալու համար ArmLur.am-ի լրագրողը մի քանի անգամ զանգահարել է Ստեփանավանի համայնքապետարան, որտեղից մեր բոլոր զանգերին ի պատասխան փոխանցել են, որ Արմեն Գրիգորյանը նիստի է և չի կարող պատասխանել հարցերին։
Համայնքապետարանից նաև խոստացել են, որ Արմեն Գրիգորյանը նիստն ավարտելուն պես կպատասխանի ArmLur.am-ի հարցերին։



