Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանա...

Ռուսաստանը տրամադրված է Ուկրաինայի հետ հակամարտության երկարաժամկետ կարգավորման ուղիներ գտնելուն և կարծում է, որ Ստամբուլում կողմերի միջև նախատեսվող բանակցությունները պետք է կայանան առանց նախապայմանների։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ընդհանուր առմամբ, մենք տրամադրված ենք երկարաժամկետ խաղաղ կարգավորման հասնելու ուղիների լուրջ որոնմանը», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ի գիշերն իր հայտարարության մեջ «հստակ և միանշանակ» շարադրել է իր դիրքորոշումը Ստամբուլում «առանց որևէ նախապայմանի» ուղիղ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ:

«Այս մոտեցումը, որն ուղղված է հատկապես ուկրաինական ճգնաժամի իրական դիվանագիտական ​​լուծում գտնելուն, հակամարտության արմատական ​​պատճառների վերացմանը և կայուն խաղաղության հաստատմանը, ըմբռնման և աջակցության է արժանացել բազմաթիվ երկրների ղեկավարների, այդ թվում՝ ԱՊՀ-ի, ԲՐԻԿՍ-ի և այլ երկրների մեր գործընկերների շրջանում», - նրա խոսքերն է մեջբերում «Գազետա» պարբերականը։

Պեսկովը նաև հրաժարվել է նշել, թե ովքեր են մտնելու Ստամբուլում բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության կազմի մեջ։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր Ուկրաինային վերսկսել ուղիղ բանակցությունները Ստամբուլում մայիսի 15-ին «առանց որևէ նախապայմանի»։ 

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել էր, որ մայիսի 12-ից ակնկալում է հրադադար Ռուսաստանի կողմից և անձամբ կսպասի Վլադիմիր Պուտինին՝ մայիսի 15-ին Թուրքիայում բանակցությունների համար։