
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի ռազմավարություններն ու ոլորտային առաջնահերթությունները: Անդրադարձ է կատարվել դատաիրավական բարեփոխումներին և դատարանների ծանրաբեռնվածության թոթափմանն ուղղված աշխատանքներին:
Հայաստանում կիրառվում է վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմը, գործում է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը, հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել ընտանեկան գործերով պարտադիր հաշտարարությունը:
Նախարարությունը մշակել է նախագիծ, որը միտված է գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպմանը:
Մարկ Ռիչարդը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ պատրաստակամ են կիսվելու իրենց երկրում դատաիրավական և արդարադատության ոլորտի առաջադեմ փորձով:
Նախարարը ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների օրակարգն ու այս համատեքստում նախարարության կողմից իրականացվող քայլերը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև Պրոբացիայի ծառայության կողմից իրականացվող աշխատանքներն ու ոլորտը լավարկելուն միտված հնարավոր քայլերը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնելու և խորացնելու համագործակցությունն արդարադատության ոլորտում, հատկապես դատական համակարգի անկախության, արդար դատաքննության և դատական կառավարման լավագույն փորձի փոխանակման ուղղությամբ։
Նախարարը շնորհակալություն է հայտնել կանադական կողմին՝ համագործակցության և փորձի փոխանակման պատրաստակամության համար, ընդգծելով նման փոխայցելությունների կարևորությունը երկկողմ կապերի ամրապնդման գործում։