«Սրբազան պայքարի» առաջնորդը մեղադրանքներն անվ...

Այս գործով դատախազներին բացարկ հայտնելուն ոչ միայն կողմնակից ենք այլ նաև մեր փափագն ու ցանկություն ն է. առաջին օրն ասել եմ, որ մեղադրողները մեղադրող չեն, այլ զրպարտողներ են և այդ խոսքս հիմք ունի։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2–ին, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական հերթական նիստի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։

«Երկու հարց եմ ես հրապարակային հնչեցրել մոտ երեք ամսվա ընթացքում, որոնք ուղղված են եղել գլխավոր դատախազին և քննչական կոմիտեի ղեկավարին։ Մեկը այն հատվածի վերաբերյալ է, որ դարձել է քաղաքական թեմա, խորհրդարանի ամբիոնից, իրար հերթ չտալով, զոհի կերպարանք ստացած դահիճները անընդհատ խոսել են 2 հոգու գյուլելու և 15 հոգու բանտ դնելու մասին, որը տեսաք, որ բացարձակ կապ չունի որևէ թեմայի հետ։

Երկրորդը, որ անընդհատ հնչել է, ավտոբուս վառելու թեման է։ Հիմա ես հրապարակային հարցնում եմ այն անձանց, որոնք հանդես են գալիս որպես մեղադրող, ում շնորհավորում եմ իմիջիայլոց, որ օրեր առաջ նաև կոչում ստացան, մեդալ ստացան։ Դուք կարող եք մեծ շնորհակալություն հայտնել այդ թեմայով և Միքայել Սրբազանին և վստահ եմ նաև առաջիկայում Սամվել Կարապետյանին։

Ուրեմն ավտոբուս վառելու թեման այս գործում կա՞, թե՞ չկա։ Երկրորդը, ինչի՞ն է վերաբերում 2 հոգու գյուլելու, 15 հոգու բանտ դնելու թեման։ Մնացածների մասին չեմ ասում, որ թե ինչպես նենգաբար ամբողջությամբ նենգափոխված, որտեղ ձեռք չի տվել գրել եք չի լսվում, որտեղ ձեռք է տվել փոխել եք։ Հլը դրանց կգանք, այդ փաստական ապացույցներին վստահ եմ, դուք ասելիք ընդհանրապես չեք ունենալու, եթե մնացիք իհարկե»,–ասաց նա։

Բագրատ Սրբազանը շարունակեց. «Հունիսի 28-ին, ես արդեն երկու օրվա կալանավոր էի, կալանք է տրվում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Միքայել Սրբազանին ուղեկցում են իմ խուց, սկսում են լսել մեր խուցը, հրահանգ է տրված երեք ամսվա համար, մինչդեռ մեր կալանքը երկու ամսով էր, հրահանգ մինչև սեպտեմբերի 28-ը։ Այսինքն նախապես արդեն որոշված է, որ այդ կալանքը պետք է լինի նվազագույնը երեք ամիս, բայց մեզ երկու ամսվա կալանք է տրվել՝ երեք ամսվա գաղտնալսման իրավունքով։

Սա ի՞նչ է նշանակում, լսել են երկու հոգևորականի խոսակցություն, մեկը կարող է մյուսի խոստովանահայրն է կամ խոստովանորդին է և առանց ամաչելու նաև մտցրել են գործերի մեջ՝ բացարձակ ոչ մի բան չլինելով գործի հետ առնչված, փորձելով իմանալ, թե որտեղ են այն թաքստոցները, որով ներխուժում էին մեր բնակարաններ խուզարկելու, թե որտեղ են այն զենք-զինամթերքը, որոնք մենք չգիտեմ ինչ ենք արել։ Ասեմ ձեզ որտեղ են, Իջևան ՔՊ-ի գրասենյակի նկուղում են այդ զենքերը, հիմիկվանից ասում եմ»։

Ըստ մեղադրական եզրակացության, Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների՝ Մովսես Շարբաթյանի, Հայկ Շահնազարյանի, Տիգրան Թոփալյանի, Լիդիա Մանթաշյանի, Հրայր Հակոբյանի, Կարո Օկումուշյանի, Արթուր Սարգսյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի, Արսեն Ղազարյանի, Արման Իսրայելյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Միհրան Մախսուդյանի, Դավիթ Գալստյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում, ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։