«Մայր Հայաստան» շարժման անդամ, դիվանագետ Ձյունիկ Աղաջանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
««Կառավարության նկատմամբ վստահության մակարդակը չափազանց ցածր է, ցավոք սրտի, այն լիովին արժանի է այդ ցածր վստահությանը, քանի որ մեր կառավարությունը ստում է, ստում է և ստում, և այն այլևս չի էլ փորձում ճշմարտությունն ասել, այն փորձում է պատմույթ (նարատիվ ) հորինել»:
Ցանկացած ընթերցողի կթվա, թե այս բառերն ասվել են ՀՀ գործող իշխանությունների մասին, սակայն սա ամերիկյան գործող վարչակարգի մասին Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, մոտ երկու տասնամյակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, աշխարհի լավագույն ուղեղներից մեկը համարվող Ջեֆրի Սաքսի խոսքերն են «չեղարկման քաղաքականության» զոհ դարձած, «Ֆոքս» հեռուստատեսության նախկին մեկնաբան Թաքեր Կարլսոնի հետ վերջինիս հարցազրույցի ժամանակ: Այնուհանդերձ, այս նույն բնորոշումը հավասարապես կիրառելի է արևմտյան աշխարհի գրեթե բոլոր ռազմաքաղաքական ղեկավարների համար, ովքեր ժողովրդավարական արժեքների պաշտպանության ու առաջմղման դրոշը ծածանելով, ստի ու կեղծիքի քաղաքականությամբ, սեփական գերակայությունը պահպանելու և տարածելու օրակարգին համահունչ, ստեղծել են մի պատրանքային աշխարհ, որտեղ լիբերալ արժեքների ներքո իրականացվում է մարդկային ու հասարակական խեղման գործընթաց՝ կամակատար հանրույթ ստանալու համար: Եվ այդ նպատակներին հասնելու համար միջոցների մեջ խտրականություն չի դրվում, ինչպես ցույց տվեց կորոնավիրուսի համաճարակը և արցախահայերի էթնիկ զտումը՝ տոտալ շրջափակման ու բռնի տեղահանության միջոցով:
Սակայն, ինչպես Աբրահամ Լինքոլն է նշել. «Հնարավոր է ամբողջ ժողովրդին խաբել ինչ-որ ժամանակ կամ ժողովրդի մի մասին՝ անընդհատ, բայց անհնար է անընդհատ խաբել ամբողջ ժողովրդին»: Արթնացման առաջին նշանակալից պտուղները գրանցվեցին Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ, հաջորդ փուլին ականատես կլինենք հաջորդ երկու շաբաթների ընթացքում, երբ խորհրդարանական ընտրություններ կանցնեն Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, որտեղ, ըստ հանրային տրամադրությունների, գործող վարչակարգերը կկորցնեն տասնամյակից ավելի վայելած գերիշխող դիրքերը: Վերջնական որոշումներ կկայացվեն եվրոպական ղեկավարների մասով՝ ակնհայտորեն պատմության գիրկն ուղարկելով կոռուպցիոն սկանդալների մեջ թաթախված ֆոն դեր լայեններին, դրախտային մտածողությամբ ապրող բորելներին ու միշելներին: Վերջիններիս ստի ու կեղծիքի քաղաքականության հետևանքները ամենօրյա կտրվածքով իր վրա է զգում հայ ժողովուրդն ու Հայաստան պետությունը՝ գրանցելով կորուստ կորստի հետևից պատրանքային խոտումների դիմաց:
Հունիսի վերջին նշանակալից զարգացումներ են սպասվում նաև Միացյալ Նահանգներում: Հունիսի 27-ին նշանակվել են ամերիկյան պատմության մեջ ամենավաղ նախագահական դեբատները: Տարբեր մեկնաբանություններ կան այս առումով: Սակայն, տպավորություն է ստեղծվում, որ իշխող կուսակցության ներկայացուցիչներն արդարացված պատճառ են ստեղծում իրենց թեկնածուի՝ Ջո Բայդենի փոփոխության համար: Փորձարկվել են տարբեր հնարավոր թեկնածուներ, այդ թվում՝ տիկին Օբաման, հույս ունենալով հանրային աջակցություն գեներացնել նաև գենդերային տարրն օգտագործելով, սակայն ապարդյուն: Եվ, ակնհայտորեն, որոշում է կայացվել «փորձված թանն անփորձ մածնով չփոխել»՝ առաջադրել Բարաք Օբամայի թեկնածությունը, նաև այն պատճառով, որ ընտրարշավի համար շատ քիչ ժամանակ է մնում: Բայց գործող վարչակազմը գործում է «բիզնես սովորականի պես» տրամաբանությամբ, առանց հասկանալու, որ ամերիկյան քաղաքական դաշտի պահանջները փոխվել են, քաղաքացիական պատերազմի շեմին հայտված հանրությունն իրական փոփոխություն է ուզում, ոչ զուտ դերակատարների տեղափոխում: Արդեն իսկ մեկ անգամ բողոքի ու դժգոհության քվեարկությամբ մերժել են Հիլարի Քլինթոնին, Թրամփի դեմ ներկայիս քաղաքական հետապնդումներն ավելի ու ավելի են բզկտում խորապես բաժանված հասարակությունը՝ գրեթե անհնարին դարձնելով ընդունելի արդյունքով ընտրությունների անցկացումը:
Բայդենի՝ առողջական վիճակի հանգամանքով փաստական իշխանություն չիրականացնելու արդյունքում առաջ են մղվել երկրորդ էշելոնի դերակատարները, ովքեր շատ լավ հասկանալով առկա ռիսկերը՝ ավելի են արագացնում գործընթացները՝ հույս ունենալով, նախապես ծրագրված սցենարների իրականացմամբ, ի վերջո, ինչ-որ հաջողություններ գրանցել, որոնք կօգտագործվեն ընտրություններում քվեներ պոկելու համար:
Սրանով է պայմանավորված դեպի Հայաստան ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների այցերի շքերթը, անգամ ջանքերն օգտագործելու հայկական համայնքի հետ առնչությունները՝ ջանալով ամերիկյան անվերապահ ու ակնկեղծ աջակցության պատրանք ստեղծել, մի կողմից, և շտապողաբար առաջ մղել հայկական կողմից հերթական զիջումների օրակարգը՝ բավարարելու թուրք-ադրբեջանական տանդեմի անսպառ պահանջները, հույս ունենալով, ի վերջո, հասնելու մշտապես սպրդող, չարաբաստիկ «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը:
Ամերիկյան կողմը շատ լավ հասկանում է, որ Ադրբեջանի նման պետության հետ հապճեպ ձևակերպված, իրականում անբովանդակ փաստաթղթի ստորագրումը որևէ անվտանգության ու խաղաղության հեռանկար չի ստեղծում Հայաստանի համար: Սակայն դա այն պայմանն է, որից հետո կկարողանան ադրբեջանական կողմից պահանջելու իր հանձնառությունների կատարումը Իրանի հանդեպ, որից թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան ամեն կերպ խուսափում են ակնհայտ դարձող աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին՝ կիառելով «մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ» քաղաքականությունը: Երկու պարագայում էլ հետևանքների համար վճարողը լինում է Հայաստանը, քանի որ հետքայլերի ժամանակ պահանջների անսպառ ցուցակից հերթականներն են առաջադրվում արևմտյան կենտրոններին, իրենց կողմից փոքր զիջումների գնալով, որոնք որևէ ստրատեգիական նշանակություն չունեն, ինչպես հայ ռազմագերիներից ոմանց ազատելը կամ ադրբեջանական բանտերում գտնվող հարյուրավոր քաղաքական գործիչներից ոմանց համաներմամբ ազատ արձակելը:
Հայ-ադրբեջանական հերթական բարձր մակարդակով բանակցությունների անցկացմանը համաձայնություն տալու համար ամերիկյան միջնորդներին ներկայացվում է պահանջների շարք, որոնք բավարարվում են Հայաստանի գործող կառավարչի կողմից՝ հայ ժողովրդին ու պետությանը հերթական բաց, արնածոր ու չամոքվող վերքը պատճառելով:
Շատ լավ հասկանալով, որ ձեռքի տակ եղած կամակատար եվրոպական ղեկավարների շարքն արագորեն նոսրանում է, ինչն էապես դժվարացնելու է սեփական հեգեմոնիկ շահերի բավարարումն ու ծրագրերի իրականացումը համախումբ «միջազգային հանրության» կերպարով՝ ամերիկյան կողմն արագացնում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչվելը, որի վերահսկողությունը, գործող հայկական վարչախմբի արբանյակ լոբբիստների ներկայացմամբ, իրականացվելու է արևմտյան ընկերության կողմից, ինչին էր ուղղված նաև ԱՄՆ-ի հետ մաքսային ոլորտում վերջին համաձայնագրի ստորագրումը:
Ըստ թուրքական կողմից արտահոսած աղբյուրների՝ ապրիլին Վրաստանում հայ-ադրբեջանաթուրքական արձանագրություն է ստորագրվել այսպես կոչված «Թուրքիայի Հանրապետության «խաղաղության խաչմերուկում» մասնակցության մասին», ինչի առնչությամբ հեռուստաընկերություններից մեկի եթերում խոսել է նաև Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:
Մինչև հուլիսի սկիզբ զարգացումները կգան ամրագրելու այս բազմաշերտ հանձնառությունները, որոնք էլ ավելի կրիտիկական կդարձնեն Հայաստանի Հանրապետության առանց այն էլ ճգնաժամային վիճակը»։