Դա գերուռճացված թիվ է, որը որևէ հաշվապահական հաշվարկի չի դիմանում: Այստեղից մենք հասկանում ենք, որ ուղղակի խնդիր է եղել այդ երկու կազմակերպություններին պետական բյուջեից գումարներ տալու, և գտել են այդ տարբերակը: Այս մասին Politik.am-ի հետ զրույցում ասաց ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ անդրադառնալով՝ Արցախում կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ին և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին պետական ֆինանսավորում հատկացնելու որոշմանը:
«Նույն Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը հայտարարեց, որ իր կազմակերպությունը Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ծախսում է 5-7 հազար դոլար: Պատկերացրեք՝ նույն բանը Արցախում իրականացնելու համար մարդիկ ստանում են մոտ 75 հազար դոլար գումար: Ակնհայտ է դառնում, որ նույնիսկ շատ մեծ ցանկության և մեծ ծախսեր անելու դեպքում, այդ գումարը չես կարող սպառել դիտորդական առաքելության նպատակով:
Սորոսականները միշտ Արցախում ներկայացված լինելու ցանկություն են ունեցել և վերջին 2 տարում իրենց կողմից Արցախի նկատմամբ բավական լուրջ ակտիվություն Է նկատվել: Հիշեցնեմ՝ Արցախի իրավապահների և շատ «պատահաբար» Արցախում հայտնված կապույտ մազերով աղջկա միջադեպը, որից սկսեց այն նարատիվը, թե Արցախում մարդու իրավունքերի պաշտպանությունը և ժողովրդավարությունը վատ վիճակում է գտնվում: Այդ կեղծ օրակարգը սկսելուց հետո Սորոսի վարձու մարդիկ անմիջապես ձեռնամուխ եղան Արցախում իբր խախտված ժողովրդավարությունը վերականգնելուն»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ըստ որոշ կարծիքների՝ պետական ֆիանսավորում հատկացնելը այլ միտումներ ուներ, մասնավորապես Ամուլսարի հարցում համագործակցություն ստանալու համար, Մալյանն արձագանքեց․
«Սորոսականները պետության հետ միշտ շանտաժի լեզվով են խոսում: Նրանք միշտ ասել են՝ փողոցային ակցիաներ անող ցուցարարները մեր գրպանում են գտնվում, և մենք կանենք այն ինչ կուզենք, որպեսզի չանենք, տվեք մեզ սա կամ նա: Սորոսականները միշտ ինչ-որ հարցերի շուրջ ակտիվանում են, հետո կամաց-կամաց ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերելով՝ սկսում են հետ քաշվել այդ հարցից: Նույնը եղավ Ամուլսարի հետ կապված: 2 խմբեր կան, որոնք ուղղակի իրենց պատառոտում են Ամուլսարի համար։ Դրանցից մեկը Սորոսի կողմից բացահայտ ֆինանսավորվորող խմբերն են, այսպես կոչված «բնապահպանները»:
Վերջերս բացահայտեցինք նաև Սորոսի հետ ուղղակի կապ ունեցող ծռերին։ Դա այն մարդկանց խումբն է, ովքեր 2016-ին մտան ՊՊԾ գունդ, 3 մարդու սպանեցին, բանկոմատ թալանեցին: Նրանք զինված գործողություններին տրամադրված մարդկանց խումբն են, ովքեր նույնպես, ըստ իմ տեղեկությունների, ֆիանսավորվում են Սորոսի կողմից: Ստացվում է՝ առաջին հայացքից իրար հետ որևիցե կապ չունեցող մարդկանց խմբերը հավաքվել են և իրենց կոտորում են Ամուլսարի համար, բայց ես հավաստիացնում եմ՝ իրենց մոտիվացիան մաքուր չէ: Նույն Սորոսի ծռերը պայքարում են իրենց 2 ընկերներին բանտից հանելու համար»,- պատասխանեց մեր զրուցակիցը։
Հստակեցնելու համար, Մալյանից հետաքրքրվեցինք՝ այսի՞նքն սորոսականներն Ամուլսարի հարցն օգտագործում են իրենց սեփական նպատակների համար․
«Այո, Ամուլսարի խնդիրն իրականում անկեղծորեն հուզում է ջերմուկցիներին և հարակից համայնքների բնակիչներին: Եթե թողնեն, որ շահագործման վերաբերյալ ջերմուկցիներն անձամբ իրենց կարծիքն արտահայտեն, շատ ավելի շուտ խնդրի լուծման արդյունքը կգրանցենք: Բայց երբ ջերմուկցիները հավաքվում են, որպեսզի իրենց հարցերը բարձրացնեն, իսկույն հայտնվում են ինչ-որ անհայտ ծագման բնապահպաններ, ովքեր սկսում են իրենց գոյություն չունեցող տեսակետները պնդել, կառավարության հետ բանակցել ջերմուկցիների անունից։ Հետո ամեն մեկն իր շահույթը ստանում է այս թեմայից և տուն գնում: Իշխանության համար էլ ավելի հեշտ է աշխատել 2 կառավարելի խմբերի հետ, քան օրինակ՝ ջերմուկցիների»,- ասաց Մալյանը:



