Սլովակիայում կորոնավիրուսի պատճառով երկշաբաթյ...

Սլովակիայի կառավարությունը կորոնավիրուսով պայմանավորված իրադրության վատթարացման պատճառով երկրում նոյեմբերի 25-ից երկշաբաթյա լոքդաուն է հայտարարել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Լոքդաունը ենթադրում է գիշերն արգելել տանից դուրս գալը, չեղարկել մշակույթի ու սպորտի ոլորտում զանգվածային միջոցառումները, փակել խանութները՝ բացառությամբ նրանց, որտեղ առաջին անհրաժեշտության իրեր են վաճառվում»,- ասել է Սլովակիայի փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Ռիխարդ Սուլիկը:

Նա նշել է, որ լոքդաունի ընթացքում ձեռնարկությունների չպատվաստված ու կորոնավիրուսով չհիվանդացած աշխատակիցները ամեն շաբաթ թեստեր են հանձնելու: Դպրոցների աշխատանքը դեռ կշարունակվի:

Սլովակիայում վերջերս գրանցվել էր համավարակի մեկնարկից ի վեր վարակումների ամենամեծ թիվը՝ 10 315:  Ընդ որում, նոր վարակվածների 72 տոկոսը չպատվաստված անձինք էին:

Համավարակի ողջ ընթացքում երկրում կորոնավիրուսից մահացել է 14056 մարդ: 5 մլն բնակչություն ունեցող հանրապետությունում լիարժեք պատվաստված է 2.45 մլն մարդ: