Սլովակիան չի աջակցի ԵՄ եզրակացություններին Ու...

Սլովակիան չի աջակցի Եվրոպական միության՝ հինգշաբթի օրը նախատեսված գագաթնաժողովի եզրակացություններին, որոնք վերաբերելու են Ուկրաինային, քանի որ բացակայում է «Դրուժբա» նավթամուղի մասին կետը, որով մղումը դադարեցրել է Կիևը։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մենք խնդրել էինք, որ գագաթնաժողովի եզրակացություններում, որտեղ խոսքը վերաբերում է Ուկրաինային, ներառվի մի հատված, որը կվերաբերեր «Դրուժբա» նավթամուղին։ Դա անհասկանալի պատճառներով սկզբունքորեն մերժվել է։ Կարող եմ այստեղ հայտարարել, որ ես չեմ քվեարկի այն եզրակացությունների օգտին, որոնք կվերաբերեն Ուկրաինային»,- ասել է Ֆիցոն չորեքշաբթի օրը խորհրդարանի եվրոպական գործերի կոմիտեի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։

Նա հայտարարել է, որ Սլովակիայի և Ուկրաինայի հարաբերությունները չեն կարող միակողմանի բնույթ կրել։

«Սլովակա-ուկրաինական հարաբերությունները միակողմանի տոմս չեն, երբ մենք պարտավոր ենք ամեն ինչ, իսկ մյուս կողմը պարտավոր չէ ոչինչ»,- ասել է Ֆիցոն։

Հիշեցնենք, որ Կիևը դադարեցրել է ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա»-ով ուկրաինական տարածքով դեպի Սլովակիա և Հունգարիա հունվարի 27-ին՝ վկայակոչելով խողովակաշարի վնասվածքները։ Սլովակիայի իշխանությունները կարծում են, որ նավթամուղը գործում է, իսկ նավթի մատակարարումների դադարեցումը ուկրաինական կողմի քաղաքական որոշումն է, որի նպատակը շանտաժն է։