Սիրիայում բախումներ են տեղի ունեցել կառավարակ...

Սիրիայի կառավարական զորքերի և քրդերի կողմից ղեկավարվող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» միջև Դեյր էլ-Զորի նահանգում բախումներ են տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Syria TV-ին։

Եփրատ գետի երկու ափերին տեղի ունեցած բախումների ժամանակ կողմերն օգտագործել են գնդացիրներ և նռնականետեր: 

Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։

Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ քրդական ուժերը թիրախավորել են Դեյր էլ-Զոր քաղաքի սրտաբանական հիվանդանոցի մոտ գտնվող սիրիական բանակի ռազմական դիրքը, որի հետևանքով վիրավորվել են մի քանի դիրքապահ և տեղացի ձկնորսներ։ Իրենց հերթին, բանակային ուժերը պատասխան հարվածներ են հասցրել քրդական ուժերին։

Ավելի վաղ Սիրիայի հյուսիսում՝ Հալեպի նահանգում, բախումներ են տեղի ունեցել սիրիական զորքերի և «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական կազմավորումների միջև: 

Սիրիայի Պաշտպանության նախարարությունը կոչ է արել «Սիրիայի դեմոկտրատական ուժերին» պահպանել ստորագրված համաձայնագրերը՝ զգուշացնելով նոր հետևանքների մասին, եթե ներթափանցման և թիրախավորման գործողությունները շարունակվեն։

Օգոստոսի 9-ին Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հովանու ներքո Փարիզում կայանալիք «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հետ բանակցություններին՝ մեղադրելով քրդերին Սիրիայի գործերին արտաքին միջամտություն հրահրելու փորձերի մեջ։