Դամասկոսում իշխանության եկած զինված խմբավորումների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան (հայտնի է Աբու Մուհամեդ ալ-Ջուլանի մականունով) հայտարարել է, որ Սիրիայում այլեւս պարտադիր զորակոչ չի լինելու։
«Սիրիայում բանակում պարտադիր զորակոչ չի լինի», – նրա խոսքերը մեջբերել է Al Arabiya հեռուստաալիքը։ Ալ-Շարաան նաև վստահեցրել է, որ «երկրի բոլոր խմբավորումները կլուծարվեն, և զենքը կմնա միայն սիրիական պետության ձեռքում»։
Բացի այդ, նա ասել է, որ երկրի նոր իշխանությունները ուսումնասիրում են Սիրիայում աշխատավարձերը 400%-ով բարձրացնելու հնարավորությունը։
Նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի դեմ Հալեպ և Իդլիբ նահանգներում։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք գրավեցին Հալեպը, Համան, Դարաան և Հոմսը, իսկ դեկտեմբերի 8-ին մտան Դամասկոս, որը լքել էին սիրիական կառավարական ուժերի ստորաբաժանումները։
Բաշար ալ-Ասադը հրաժարական տվեց Սիրիայի նախագահի պաշտոնից և լքեց երկիրը։



