
Սիրիան մինչև 2025 թվականի վերջ անվտանգության և ռազմական ոլորտներում մի քանի համաձայնագրեր կկնքի Իսրայելի հետ։ Այս մասին Agence France-Presse (AFP)-ին հայտնել է Սիրիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնյան, ում անունը չի նշվում։
«Իսրայելի հետ բանակցություններում առաջընթաց կա»,- նշել է նախարարության պաշտոնյան՝ հավելելով, որ տարեվերջին սպասվում է մի քանի համաձայնագրի ստորագրում։
«Առաջին հերթին դրանք կլինեն անվտանգության և ռազմական ոլորտի համաձայնագրեր»,- ասել է նա՝ ընգծելով, որ ուշադրության կենտրոնում կլինի «Իսրայելի ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում դադարեցնելու համաձայնագիրը»։
Ավելի վաղ Սիրիայի նախագահ Ահմադ աշ-Շարաան հայտարարել էր, որ Իսրայելի հետ անվտանգության համաձայնագիրն «անհրաժեշտություն» է։
Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շիբանին Վաշինգտոնում այս շաբաթ կհանդիպի ամերիկացի օրենսդիրների հետ՝ քննարկելու իր երկրի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված մնացած պատժամիջոցների վերացումը: Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը հայտնել է, որ ինքն այլ սենատորների հետ ալ-Շիբանիին կհանդիպի սեպտեմբերի 18-ին։ Գրեհեմը հայտնել է նաև, որ կաջակցի պատժամիջոցների վերացմանը, եթե Սիրիան պաշտոնապես հայտարարի Իսրայելի հետ անվտանգային հարցերի շուրջ համաձայնության ուղղությամբ շարժվելու մասին, ինչպես նաև միանա «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ կոալիցիային։