Սիրիան դատապարտել է Իսրայելի հարվածները նախագ...

Սիրիան դատապարտել է Իսրայելի ավիահարվածները Դամասկոսի նախագահական պալատի մերձակայքում՝ դա անվանելով «վտանգավոր էսկալացում»։ Այս մասին հաղորդում է France24 պարբերականը։

Իսրայելը նախազգուշացրել էր, որ գործողություններ կձեռնարկի՝ բռնություններից պաշտպանելու Սիրիայում կրոնական փոքրամասնություն կազմող դրուզներին։

Սիրիայի նախագահությունը դատապարտել է Իսրայելի ավիահարվածները՝ դրանք անվանելով «պետական ինստիտուտների և պետության ինքնիշխանության դեմ վտանգավոր էսկալացում»։ Երկրի իշխանությունները միջազգային հանրությանը կոչ են արել կանգնել իրենց կողքին՝ նշելով, որ նման հարձակումները «թիրախավորում են Սիրիայի ազգային անվտանգությունը և սիրիացի ժողովրդի միասնությունը»։

Իսրայելը Դամասկոսի նախագահական պալատին ավիահարվածներ էր հասցրել մայիսի 2-ի առավոտյան, որից առաջ սիրիական իշխանություններին նախազգուշացրել էր չարշավել Սիրիայի հարավում դրուզների կողմից բնակեցված գյուղեր։ Վերջին օրերին Սիրիայի կառավարամետ ուժերի և դրուզ մարտիկների միջև Դամասկոսի մերձակայքում բախումներ էին տեղի ունենում։

Մայիսի 2-ի Իսրայելի հարվածը Սիրիային երկրորդն է այս շաբաթվա ընթացքում, իսկ նախագահական պալատին այդքան մոտ հարվածելն, ըստ France24-ի, «ուժեղ ազդանշան» է ուղարկում Սիրիայի նոր ղեկավարությանը։