Սիրիան դատապարտել է իսրայելական ներխուժումն ի...

Սիրիայի Արաբական Հանրապետությունը դատապարտել է իսրայելական ուժերի ներխուժումը Դամասկոսի Բեյթ Ջին բնակավայր՝ կոչ անելով ՄԱԿ-ին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ զսպելու իսրայելական իշխանությունների ագրեսիվ գործողությունները։ 

Այս մասին հայտնում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը։ 

Սիրիայի Արտաքին գործերի և արտագաղթողների նախարարությունն իր հայտարարության մեջ նշել է. «Սիրիայի Արաբական Հանրապետությունը խստորեն դատապարտում է իսրայելական տասնմեկ ռազմական մեքենայից և մոտ վաթսուն զինվորից բաղկացած ուժերի ներխուժումը Դամասկոսի Բեյթ Ջին բնակավայր և Ջաբալ աշ-Շեյխ (Հերմոն) լեռան լանջին գտնվող Բատ ալ-Ուաարդա բլրի գրավումը, որը Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է»։

Նախարարությունը նաև նշել է, որ այս վտանգավոր սրացումը ուղղակի սպառնալիք է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար՝ կոչ անելով ՄԱԿ-ին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ զսպելու իսրայելական իշխանությունների ագրեսիվ գործողությունները։ 

Syria TV-ի փոխանցմամբ՝ իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրայի նահանգի Թրինջա բնակավայր, խուզարկել մի քանի տներ և կրակ բացել տներից մեկի ուղղությամբ, որի հետևանքով երիտասարդ է զոհվել։

2024 թվականի դեկտեմբերին Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի՝ իշխանությունից հեռանալուց հետո Իսրայելը ցամաքային ներխուժումներ է իրականացնում սիրիական Կունեյտրայի և Դարաայի շրջաններում՝ վերահսկողություն հաստատելով բուֆերային գոտու նկատմամբ։ 

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը պետք է պահպանեն ռազմական ներկայությունը Հերմոն լեռան սիրիական կողմում, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված անվտանգության գոտիներում՝ Գոլանի բարձունքները և Իսրայելի հյուսիսը պաշտպանելու համար։