Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, ինչպես նաև Գազայի հատվածում տիրող իրադրությունը։
Reuters գործակալությունը հաղորդում է, որ Ծինփինը Մակրոնին հայտնել է, որ ցանկանում է ֆրանսիական ընկերությունների կողմից ավելի շատ ներդրումներ Չինաստանում։ Նա նաև հույս է հայտնել, որ Ֆրանսիան արդար և ոչ խտրական միջավայր կստեղծի չինական ընկերությունների համար։
Բացի այդ, Սի Ծինփինը հայտնել է, որ Չինաստանը ցանկանում է ամրապնդել համագործակցությունը Ֆրանսիայի հետ ՄԱԿ-ում և այլ բազմակողմ կազմակերպություններում։ Ի դեպ, Չինաստանն այս ամիս ստանձնել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահությունը։
Չինաստանի ղեկավարը Ֆրանսիայի նախագահին նաև կոչ է արել ավելի կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերությունների դրական զարգացման հարցում։
Երկու ղեկավարները նաև տեսակետներ են փոխանակել Գազայի հատվածում ընթացող հակամարտության վերաբերյալ և համաձայնել են, որ չպետք է թույլ տալ իրավիճակի վատթարացում, հատկապես՝ հումանիտար ճգնաժամի խորացում։
Կողմերը նաև համակարծիք են այն հարցում, որ պաղեստինաիսրայելական հակամարտության լուծման ճանապարհը երկու պետությունների ստեղծումն է։