Շվեյցարիայի ասորիները բողոքի ակցիաներ կանեն՝...

Արարատի մարզի Դիմիտրով գյուղում գտնվող Սբ. Աստվածածին եկեղեցու հայկակա՞ն, թե՞ ասորական լինելու շուրջ խոսակցությունները դեռևս չեն դադարում: Գյուղի թե՛ հայ, թե՛ ասորի բնակիչները պնդում են իրենց տեսակետն ու բերում տարատեսակ հիմնավորումներ:

Ազգային փոքրամասնություններ համակարգող խորհրդի անդամ, ասորական համայնքի ներկայացուցիչ Իրինա Սագրադովա-Գասպարյանը Politik.am-ի հետ զրույցում տեղեկացնում է, որ իրենք շարունակում են պայքարել:

Նա այժմ նամակ է պատրաստում, որում կներկայացնի եկեղեցու շուրջ ստեղծված աղմուկի բոլորն մանրամասները և, իր խոսքով, եկեղեցու՝ ասորական լինելու ապացույցները.

«Նամակը կթարգմանվի նաև անգլերեն ու տարածվելու է աշխարհով մեկ: Այն, իհարկե, կուղարկեմ նաև կառավարություն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»,-ասաց Սագրադովան՝ տեղեկացնելով նաև, որ Շվեյցարիայի ասորիները պատարստվում են ըմբոստանալ, պիկետներ անել՝ խնդրի լուծման պահանջով:

Սագրադովայի խոսքով ամբողջ պատմությունը գալիս է նրանից, որ Արտակ Սրբազանն ուզում է պատժել ասորիներին՝ դեռևս 2007 թվականին ծագած խնդրի պատճառով:

«Եթե մարդը տարված է մտքով՝ ոչնչացնել Դիմիտրով գյուղը, ինձ թվում է՝ ինքը ոչ մի բանի առաջ չի կանգնի: Նա անգամ Հայաստանի վարկն է պատրաստ գցել՝ սեփական կապրիզի համար: Հետևաբար, եթե մենք լռենք, մեզ կոչնչացնեն, եթե աղմուկ բարձրացնենք, կարող է էլի ոչնչացնեն, բայց գոնե շանս կա, ինչ-որ հատված կփրկվի»,-ասում է նա:

Սագրադովան հիմնական մտահոգությունն այն է համարում, որ ասորի երեխաներին դաստիարակում են ըստ հայկական եկեղեցու կանոնների, ոչ թե ասորական.«Նոր սերունդը մեծանում է՝ արդեն նույնիսկ առանց պատմությունն իմանալու: Այս վիճակին պետք է լուծում տրվի»:

Հիշեցնենք՝ Իրինա Սագրադովան բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ խնդրին լուծում տալու ակնկալիքով: