Շվեյցարիան Իրաքին է վերադարձրել հինմիջագետքյան երեք արտեֆակտներ, որոնք բռնագրավվել են Ժնևում քրեական գործի շրջանակներում։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
Արտեֆակտների հանձնման պաշտոնական արարողությանը, որը տեղի է ունեցել Բեռնում, մասնակցել են Շվեյցարիայի ներքին գործերի նախարար Էլիզաբեթ Բաումե Շնայդերը և Իրաքի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը։
Ըստ Շվեյցարիայի կառավարության՝ խոսքը վերաբերում է «մ.թ.ա. 8-րդ դարի ասորեստանյան երկու մեծ բարձրաքանդակների՝ Նիմրուդ Կալհու հնավայրից, ինչպես նաև մ.թ. 2-3-րդ դարերի թագավորի կիսանդրու մի բեկորի՝ հնագույն Հաթրա քաղաքից»։
«Վերադարձված իրերը պատկանում են Միջագետքի ժառանգությանը, որը դասվում է իրաքյան մշակութային արժեքների կատեգորիային, որոնք գտնվում են անհետացման սպառնալիքի տակ։ Արտեֆակտները հայտնաբերվել և ինդեքսավորվել են 1856/57, 1959 և 1976 թվականներին պաշտոնական պեղումների ժամանակ։ Հետագայում դրանք ապօրինաբար տարվել են Իրաքից անհայտ ժամանակ և անհայտ հանգամանքներում», - պարզաբանել են Բեռնում:
Այդ արտեֆակտները բռնագրավվել են 2023 թվականին Ժնևի կանտոնում տեղի ունեցած քրեական դատավարության ընթացքում և այնուհետև հանձնվել են Շվեյցարիայի Մշակույթի դաշնային վարչությանը՝ ծագման երկիր վերադարձման համար:
Բեռնում ընդգծել են, որ «դա 2005 թվականից ի վեր Շվեյցարիայի կողմից Իրաքին (խմբ․՝ պատմության և մշակույթի) առարկաների վերադարձման հինգերորդ դեպքն է և, անտարակույս, ամենանշանակալիցը»:
Երկու երկրներն էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970 թվականի Մշակութային արժեքների ապօրինի արտահանման և սեփականության իրավունքի փոխանցման արգելման և կանխման միջոցների կոնվենցիայի մասնակիցներ են: