
Շվեդիայի կառավարությունը 320 մլն կրոն (30,41 մլն դոլար) է հատկացրել Ուկրաինային սկանդինավյան-բալթյան օգնության միավորված փաթեթի շրջանակում, էներգետիկ հատվածի վերականգնման համար ցրտերից առաջ։ Այս մասին տեղեկացրել է կառավարության աշխատակազմը։
«Օգնության այդ փաթեթը կարեւոր է ուկրաինական էներգետիկ հատվածի աջակցման համար եւ կօգնի ապահովել ուկրաինական հասարակության կենսունակությունը»,- համագործակցության եւ արտաքին առեւտրի նախարար Բենիամին Դուսայի խոսքերը մեջբերվել են մամուլի հաղորդագրությունում։
2022թ. փետրվարից Շվեդիան Ուկրաինային տրամադրել է ընդհանուր առմամբ 57,4 մլրդ կրոն (5,45 մլրդ դոլար) աջակցություն։ Այստեղ մտնում են հումանիտար, ռազմական եւ տնտեսական օգնությունը, ինչպես նաեւ վերականգնմանն ու բարեփոխումների իրականացմանն ուղղված օգնությունը։ Հաշվի առնելով վերջին փաթեթը՝ Շվեդիան հատկացրել է ավելի քան 2,1 մլրդ կրոն (199,5 մլն դոլար) ուկրաինական էներգաապահովմանն աջակցելու համար։