
Շվեդիան հայտարարել է Ուկրաինային 16 միլիարդ կրոնի (1,59 միլիարդ դոլարի) նոր ռազմական օգնություն տրամադրելու փաթեթի մասին, որը մինչ այժմ սկանդինավյան երկրից տրամադրված ամենամեծ փաթեթն է։ Այս մասին հայտնել է Reuters-ը։
Շվեդիան իր որոշմամբ ցանկանում է օգնել Կիևին՝ ամրապնդելու իր դիրքերը պատերազմի ավարտի շուրջ բանակցություններում:
Շվեդիայի պաշտպանության նախարար Պալ Ջոնսոնը մամուլի ասուլիսում նշել է, որ փաթեթի մեծ մասը՝ ինը միլիարդ կրոնի չափով, բաղկացած կլինի նոր սարքավորումներից, որոնք ձեռք կբերվեն Շվեդիայի պաշտպանական նյութերի վարչության կողմից ղեկավարվող գործընթացներում։
Շուրջ հինգ միլիարդ կրոնի չափով ֆինանսական նվիրատվություն կտրամադրվի Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության համար:
«Մենք այժմ գտնվում ենք պատերազմի կրիտիկական փուլում: Այժմ մեր ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինային հնարավորինս աջակցելու վրա, որպեսզի նրանք կարողանան ուժեղ դիրքում հայտնվել այս բանակցությունների ընթացքում», - ասել է ՊՆ ղեկավարը՝ հավելելով, որ բոլոր եվրոպական երկրներն այժմ պետք է մեծացնեն իրենց աջակցությունն Ուկրաինային։
Ավելի վաղ Շվեդիայի կառավարությունը հայտարարել էր, որ Ստոկհոլմը կմեծացնի իր օգնությունն Ուկրաինային՝ 2025 թվականի բյուջեի հատկացումը հասցնելով մինչև 40 միլիարդ կրոնի՝ ավելի վաղ նախատեսված 25 միլիարդից։
2022 թվականից ի վեր Շվեդիայի ռազմական աջակցությունը Ուկրաինային, նոր փաթեթի հետ միասին, կազմել է 80 միլիարդ կրոն։
Ավելի վաղ Նիդեռլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսն էր հայտարարել, որ իր երկիրը պատրաստ է 2 միլիարդ եվրոյի չափով օգնության փաթեթ տրամադրել Կիևին։