
Շվեդիայի կառավարությունը որոշել է լրացուցիչ 750 միլիոն կրոն (79 միլիոն դոլար) հատկացնել Ուկրաինայի պետական բյուջեի ֆինանսավորման դեֆիցիտը ծածկելու համար։ Այս մասին հայտնել է կառավարության գրասենյակը։
«Կառավարությունը որոշել է նոր համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ Ուկրաինային լրացուցիչ բյուջետային աջակցության շրջանակում 2025 թվականի համար 750 միլիոն կրոն հատկացնելու վերաբերյալ՝ Ուկրաինային Եվրոպական աջակցության հիմնադրամի միջոցով։ Այս օգնությունը կօգնի ծածկել Ուկրաինայի պետական բյուջեի ֆինանսավորման բացը», - ասվում է հայտարարության մեջ։
Արտաքին առևտրի և միջազգային զարգացման համագործակցության նախարար Բենջամին Դուսան նշել է, որ Շվեդիան շարունակում է մեծացնել Ուկրաինային տրամադրվող աջակցությունը։ «Նոր համաձայնագրով Շվեդիան դառնում է ԵՄ առաջին երկիրը, որը լրացուցիչ միջոցներ է հատկացնում Ուկրաինային Եվրոպական աջակցության հիմնադրամի միջոցով՝ Ուկրաինայի պետական բյուջեն ամրապնդելու համար։ Տնտեսական կայունությունը նախապայման է, որպեսզի Ուկրաինան կարողանա շարունակել աշխատավարձերի և կենսաթոշակների վճարումը, ինչպես նաև ապահովել առողջապահության, դպրոցների և սոցիալական ծառայությունների գործունեությունը», - հավելել է նա։