Շվեդիան կարևոր գործընկերներից է Հայաստան-ԵՄ հ...

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 4-ին ընդունել է Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ ուրախ է պատվիրակության կազմում տեսնել նաև մեր հայրենակից Արին Կարապետին:

ԱԺ նախագահը բարձր է գնահատել Շվեդիայի շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին՝ հավելելով, որ Շվեդիան նաև կարևոր գործընկերներից է Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԵՄ խորհրդում նախագահության ստանձման առթիվ՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը:

Կողմերը փաստել են Հայաստան-Շվեդիա խորհրդարանական կապերի զարգացման, ինչպես նաև երկու երկրների միջև շփումների խթանման հարցում բարեկամական խմբերի գործունեության կարևորությունը:

Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի կողմից ադրբեջանական ռազմական ագրեսիան դատապարտող, Լաչինի միջանցքի արգելափակման, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման հրամայականի, ինչպես նաև ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանությունների վերաբերյալ հայտարարությունների համար:

Ներկայացնելով այս պահին տիրող իրավիճակը՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից և հետագա ագրեսիվ գործողությունների կանխումն առաջնահերթ խնդիր է՝ կարևորելով ՀՀ տարածքում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման հարցում Շվեդիայի ցուցաբերած աջակցությունը:

«Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը մեծացնի ճնշումը Բաքվի վրա՝ դադարեցնելու իր հակահայկական քաղաքականությունը: Բարձրաձայնում ենք Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին և ակնկալում մեր միջազգային գործընկերների հասցեական արձագանքները»,- եզրափակել է Ալեն Սիմոնյանը: