Շվեդիայի իշխանությունները Բալթիկ ծովում մալուխների վնասումն անվանել են դիվերսիա, տեղեկացրել է թագավորության դատախազությունը, փոխանցել է DW-ն։
Նախաքննությունը վաղ փուլում է, այն վարում է պետական դատախազ Հենրիկ Սեդերմանը Միջազգային եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ազգային ստորաբաժանումից, նշել է գերատեսչությունը։
Լիտվայի եւ Շվեդիայի միջեւ կապի ստորջրյա մալուխի վնասման մասին հայտնի է դարձել նոյեմբերի 17-ին։ Պատճառն առայժմ հայտնի չէ, բայց տվյալների փոխանցումը վերջնականորեն չի խափանվել։ Լիտվան խոստացել է ուժեղացնել իր ջրերի հսկողությունը։ Լիտվայի ռազմածովային նավատորմի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել միջազգային ջրերում։
Հաջորդ օրը Cinia ֆիննական ընկերությունը տեղեկացրել է C-Lion1 օպտիկամանրաթելային ստորջրյա մալուխի վնասման մասին, որը միացնում է Գերմանիան եւ Ֆինլանդիան։ Cinia-ի տվյալներով՝ մալուխի վնասումը տեղի է ունեցել Շվեդիայի բացառիկ տնտեսական գոտում, Էլանդ կզղուց արեւելք, դեպի հարավային ծայրամաս, Հելսինկիից մոտ 700 կիլոմետր հեռու։ Ավելի ուշ ընկերությունում ենթադրել են, որ 1 170 կիլոմետր երկարությամբ մալուխը վնասվել է խարսխի կամ ստորջրյա տրալ-ցանցի պատճառով։
Բեռլինը եւ Հելսինկին խոր մտահոգություն են հայտնել։ Միջադեպի առիթով մանրակրկիտ հետաքննություն է իրականացվում։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կարծում է, որ մալուխների վնասումը դիվերսիայի հետեւանք է։