Շրի Լանկայի ափերի մոտ վթարի ենթարկված իրանակա...

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հաստատել է «Iris Dena»-ին հասցված հարվածը։ Սա հակամարտության ընթացքում Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս իրանական ուժերի վրա ԱՄՆ-ի առաջին հարձակումն է, հայտնում է The Guardian-ը։

Ըստ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հայտարարության՝ ամերիկյան ստորջրյա նավը տորպեդային հարված է հասցրել, որի հետևանքով Շրի Լանկայի հարավային ափերի մոտ իրանական ռազմանավ է խորտակվել։

«Ամերիկյան սուզանավը իրանական ռազմանավ է խորտակել, որը կարծում էր, թե անվտանգ է միջազգային ջրերում։ Սակայն այն ոչնչացվել է տորպեդոյով», - ասաց Հեգսեթը։

Հարվածը հասցվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի ստորջրյա նավի կողմից՝ մարտի 3-ի ուշ երեկոյան։ Հեգսեթը նշել է, որ սա Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր առաջին դեպքն է, երբ թշնամական նավ է խոցվել Հնդկական օվկիանոսում։

Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ Շրի Լանկայի ափերի մոտ աղետի ենթարկված իրանական ռազմական նավը խոցվել է ամերիկյան ստորջրյա նավի կողմից։ Այս հարվածը առաջացրել է աղետի ազդանշան, ինչից հետո Շրի Լանկայի զինված ուժերը որոնողափրկարարական գործողություն են սկսել։

Շրի Լանկայի ռազմածովային ուժերի և պաշտպանության նախարարության աղբյուրները հայտնել են, որ նավը հարձակման է ենթարկվել ստորջրյա նավի կողմից, և Հնդկական օվկիանոսի ափամերձ գոտում տեղի ունեցած միջադեպի հետևանքով առնվազն 101 մարդ համարվում է անհետ կորած։

Շրի Լանկայի արտաքին գործերի նախարար Վիջիտա Հերաթի տեղեկություններով՝ երկրի առափնյա պահպանությունը չորեքշաբթի առավոտյան ժամը 5:08-ին աղետի ազդանշան է ստացել իրանական «Iris Dena» ռազմական նավից։ Անձնակազմի անդամները տեղի ունեցածը նկարագրել են որպես պայթյուն։

«Առավոտյան ժամը 6-ին մենք ուղարկել ենք ռազմածովային ուժերի մեկ նավ, իսկ ժամը 7-ին՝ երկրորդը»,- հայտնել է Հերաթը։ Նա չի հստակեցրել աղետի պատճառը՝ միայն նշելով, որ Շրի Լանկան պարտավոր էր արձագանքել օգնության ազդանշանին, քանի որ երկիրը հանդիսանում է ծովային որոնման և փրկության միջազգային կոնվենցիայի անդամ։