Շոլցը հաստատել է, որ Գերմանիան Ուկրաինային չի...

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան ԱՄՆ-ից հետո կմնա Ուկրաինային զենքի ամենամեծ մատակարարը, սակայն Կիևին չի փոխանցի Taurus հեռահար թեւավոր հրթիռները։ Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվան հաջորդած ճեպազրույցում։

«Գերմանիան Ուկրաինայի ամենամեծ աջակիցն է Եվրոպայում»,- ասել է Շոլցը։ Նա հիշեցրել է, որ Գերմանիան ԱՄՆ-ից հետո Կիևին զենք մատակարարող երկրորդ երկիրն է։ «Այդպես էլ կմնա»,- ընդգծել է նա։

«Բայց ես միշտ ասել եմ, որ մենք նաև լիակատար պատասխանատվություն ենք կրում ապահովելու, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը չվերաճի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմի: Եվ սա մնում է իմ պատասխանատվությունը»,- ընդգծել է կանցլերը։ Այդ իսկ պատճառով, նրա խոսքով, Գերմանիայի բնակիչները կարող են հույս դնել այն բանի վրա, որ Գերմանիայի կառավարության ղեկավարի գործողությունները կլինեն պատասխանատու և խելամիտ։ «Ես հստակ հայտարարություններ եմ արել Taurus-ների մասին, որոնք հնարավոր չէ փոխել: Չեմ կարծում, որ սա ճիշտ առաքում է, և այդպես էլ կմնա»,- եզրափակեց նա:

Շոլցը հակամարտությունը լուծելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պլանը զուսպ է գնահատել։ Նա դեմ է արտահայտվել ծրագրի հանրային քննարկմանը։ Ըստ նրա՝ դա արվում է ներքին կարգով։