Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը շաբաթ օրը՝ Մերձավոր Արևելք կատարելիք իր երկօրյա այցից առաջ, Իսրայելին կոչ է արել թույլատրել ավելի լայնածավալ մարդասիրական օգնության մուտքը Գազա, հայտնում է Reuters-ը։
Շոլցը շաբաթ օրը կմեկնի Կարմիր ծովի հորդանանյան Աքաբա նավահանգիստ, որպեսզի կիրակի հանդիպի Հորդանանի թագավոր Աբդալլայի հետ, նախքան վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ հանդիպման համար Իսրայել թռչելը:
«Այժմ անհրաժեշտ է, որպեսզի օգնությունը Գազա հասնի ավելի մեծ մասշտաբով: Սա մի հարց է, որի մասին ես նույնպես պետք է խոսեմ»,- իր ուղևորությունից առաջ լրագրողներին է ասել Շոլցը:
Նա նաև մտահոգություն է հայտնել Գազայի հարավային Ռաֆահ քաղաքի վրա Իսրայելի ծրագրած հարձակման առնչությամբ, որտեղ ապաստան է գտել պաղեստինյան անկլավի 2,3 միլիոնանոց բնակչության կեսից ավելին:
«Վտանգ կա, որ Ռաֆահում համապարփակ հարձակումը կհանգեցնի բազմաթիվ սարսափելի քաղաքացիական զոհերի, ինչը պետք է խստիվ արգելվի»,- հավելել է նա։
Գերմանիայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ շաբաթ օրը օդից Գազա են նետել չորս տոննա մարդասիրական օգնություն պարունակող ծանրոցներ:
«Յուրաքանչյուր ծանրոց կարևոր է: Բայց օդային դեսանտները պարզապես մի կաթիլ են օվկիանոսում»,- ասված է ԳԴՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում արած հայտարարության մեջ: