Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեգնանքով մեկնաբանել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի` հրապարակավ իրեն «հիմար» անվանելը։ Գերմանիայի կառավարության ղեկավարն ասել է, որ այդ հայտարարությունը «պատիվ է բերում իրեն»: Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Ավելի վաղ Մասկը Գերմանիայում իշխող կոալիցիայի փլուզման ֆոնին X սոցիալական ցանցում հրապարակման մեջ կանցլերին անվանել էր «հիմար»։ Ի պատասխան սրան՝ Օլաֆ Շոլցը Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները պետական պաշտոնյաներ չեն, ուստի ինքը Իլոն Մասկի խոսքերը հաշվի չի առնում։
«Սա (Մասկի գնահատականը-Խմբ.) ինձ պատիվ է բերում»,- ասել է կանցլերը ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Շոլցը մտադիր է 2025 թվականի սկզբին Բունդեսթագից վստահության քվե խնդրել, ինչը թույլ կտա մարտին Գերմանիայում արտահերթ ընտրություններ անցկացնել։ Ընդդիմադիր Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը կանցլերից պահանջել է այդ քայլին գնալ մինչև դեկտեմբերի 25-ը, որպեսզի քվեարկությունը տեղի ունենա հունվարին։
Գերմանիայում իշխող կոալիցիան փլուզվել է նոյեմբերի 7-ին։ Դա տեղի է ունեցել, քանի որ կողմերին չի հաջողվել համաձայնության գալ դաշնային բյուջեի շուրջ։ Գերմանիան այժմ կառավարվում է սոցիալ-դեմոկրատների և կանաչների փոքրամասնության կառավարության կողմից:
Գերմանիայի փոխկանցլեր և էկոնոմիկայի նախարարության ղեկավար Ռոբերտ Հաբեկը (Կանաչներ) պարզաբանել է, որ Ուկրաինային ֆինանսական աջակցության հարցում տարաձայնություններն են հանգեցրել կոալիցիայի փլուզմանը։ Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները հրաժարվել է 2025 թվականի բյուջեի շրջանակում ավելացնել Կիևին տրամադրվող օգնության չափը։ Դրա հետևանքով Օլաֆ Շոլցն աշխատանքից ազատել է նրան։