Շիրակի Սարատակ համայնքի նախկին ղեկավարը մեղադ...

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել է 2016-2021 թվականների ընթացքում ՀՀ Շիրակի մարզի Սարատակ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք:

Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը, 2021 թվականի ընթացքում նպատակ ունենալով կազմակերպել իր բնակության տարածքի արտահերթ ասֆալտապատումը, անտեսել է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված՝ նույն համայնքի մեկ այլ տարածքի հիմնանորոգման նպատակով սուբվենցիայի տրամադրման հանգամանքը և պաշտոնական փաստաթղթերում խեղաթյուրել է վերանորոգման ենթակա տարածքի իրական տեղադիրքը: Արդյունքում վերանորոգման ենթակա փողոցի փոխարեն հիմնանորոգվել է իր բնակության վայրի ճանապարհահատվածը: 

Հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո՝ 2021 թվականի նոյեմբերի 10-ին, համայնքի ղեկավարը, հանդիսանալով ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի նախագահ, իր ստորագրությամբ և համայնքապետարանի կնիքով հաստատել է հանձնաժողովի ակտը՝ դրանում ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգման ենթակա ճանապարհը:

Պաշտոնեական կեղծիք կատարելու համար Սարատակ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445–րդ հոդվածի 1–ին մասով, իսկ նրան օժանդակած տեղակալին և համայնքի ավագանու անդամին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-445–րդ հոդվածի 1–ին մասով:

Վերը նշված երեք անձանց վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: