
Անմեղության կանխավարկածը չխախտելով՝ ուզում եմ ֆիքսել, որ որևէ կոնկրետ բան չենք ուզում ասել այդ անձանց վերաբերյալ, բայց շատ լավ առիթ է արձանագրելու, որ կոռուպցիոն դրսևորումները մեզ համար անընդունելի են: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում վերջին ձերբակալություններին։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում։ Ըստ լուրերի, թաղապետարանի պաշտոնյաներից երկուսը, որոնք կասկածվում էին կաշառք պահանջելու և ստանալու մեջ, տեղափոխվել են ԱԱԾ։
«Այս մակարդակում ինչքա՞ն պետք է նման գործողություններ տեղի ունենան, որ մենք խաղի կանոնները հասկանանք»,- ասաց Ավինյանը՝ դիմելով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին:
Վերջինս նախ շնորհակալություն հայտնեց ԱԱԾ և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին արդյունավետ աշխատանքի համար, ապա արձանագրեց, որ որոշ ԶԼՄ-ների կողմից տարածվել էին լուսանկարներ, որոնք կարող էին ապակողմնորոշել հանրությանը:
«Տպավորությունն այնպիսին էր՝ կարծես ինձ են ձերբակալել: Իրականում և՛ զավեշտալի էր, և՛ տխրեցնող...
Դեպքը տեղի չի ունեցել վարչական շենքում և վարչական ղեկավարի ներկայությամբ. դա ևս լրատվամիջոցների կողմից ամբողջությամբ հակառակ ուղղությամբ ներկայացվեց»,- ասաց նա:
Անդրադառնալով դեպքի մանրամասներին՝ Ռազմիկ Մկրտչյանը պարզաբանեց. «Մեր աշխատակիցներից մեկն այս պահին տնային կալանքի տակ է, նախաքննությունը շարունակվում է, որևէ այլ բան չեմ կարող ասել։ Կարող եմ փաստել և վերահաստատել մեր դիրքորոշումը, որ համայնքային բյուջեից 1 լումա անգամ գողանալը, մեղմ ասած, սրիկայություն է»։
Քաղաքապետ Ավինյանն արձագանքեց՝ խոսքը ոչ միայն համայնքային բյուջեից գողանալու մասին է, այլև ինչ-որ մի բան արձանագրել-չարձանագրելու համար կաշառք վերցնելու:
«Այդ բոլոր երևույթները մեզ համար անընդունելի են։ Ինչքա՞ն տեղի ունենա այս գործընթացը, որ մենք մշակութային ամբողջական փոփոխությունը կարողանանք կատարել։
Ես կարծում եմ՝ իրավապահ մարմիններն իրենց գործառույթը իրականացնում են և պետք է իրականացնեն, բայց մենք էլ անելիք ունենք համակարգային վերլուծության և լուծումների ինչ-որ տրամաբանությամբ, որովհետև այդ մակարդակում անընդհատ կրկնվող խնդիրը նշանակում է համակարգային խնդիր կա, և մոտիվացիոն այլ տրամաբանություն է պետք ներդնել, որովհետև հասկանում եմ, որ գայթակղությունը մեծ է»,- ասաց Ավինյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում իրավապահները գործողություններ են իրականացրել, ինչի հետևանքով աշխատակիցներ են ձերբակալվել։ Քննչական գործողություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։