Շաբաթ և կիրակի 9 միլիոն դրամ ավելի գումար ենք...

Շաբաթ և կիրակի 9 միլիոն դրամ ավելի գումար ենք հավաքագրել՝ նախորդ շաբաթ և կիրակիի համեմատ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելու համար պարտադիր 100 դրամանոց ունենալու որոշմանն ու դրա քննադատություններին։

«Յուրաքանչյուր նման մասշտաբի ռեֆորմ ունի ադապտացիոն շրջան, այսինքն՝ որևէ մեկս երբ նոր բանի սովորում ենք, որոշակի ժամանակ է պահանջվում։ Մենք սկսել ենք 2 ամիս շուտ, որ բոլոր խնդիրներն ի հայտ գան, և կարողանանք այդ խնդիրները լուծել։ Այդ քննադատություններն ընդունելի ենք, մենք այդ ընթացքում իրականացնում ենք շտկումներ։ Որ ես թենիսի էի գնում, էլի 100 դրամ էի տալիս, անցել ա 30 տարի, պետք է փոփոխություններ արվեն: Խնդիրն այն է, որ մենք պետք է ունենանք ամբողջապես նորացված համակարգ»,- նշեց Ավինյանը։

Նրա խոսքով՝ նորացված համակարգը պետք է դառնա անփոխարինելի․ «Դա այն տեսանկյունից, որ մենք վերադարձ չպիտի ունենանք հին գազելներին։ Այս ճանապարհը, որով որ միասին անցնելու ենք, միմիայն բերելու է ավելի լավ տրանսպորտային համակարգի»։

Նա նշեց, որ բանկային քարտերով նույնպես հնարավոր է լինելու վճարումներ իրականացնել․ «Նախորդ շաբաթ խոսել եմ ԿԲ նախագահի հետ, իրենք գտնվում են վերջնական փուլում բանկային քարտերով վճարման համակարգը ներդնելու վերջնականացման փուլում են։ Բացի բանկային քարտերով վճարումներից, հասանելի են լինելու նաև տրանսպորտային քարտերով վճարումները։ Բոլոր այն դեպքերում երբ մարդու ինդենտիֆիկացիայի կարիք է լինելու, մասնավորապես, երբ մարդն արտոնյալ խմբի անդամ է, իքս տոկոս զեղչ ունի համակարգում, ինքն ունենալու է հնարավորություն և՛ հավելվածով, և՛ տրանսպորտային քարտով օգտվելու»։

Տիգրան Ավինյանը ներկայացրեց, թե վերջին օրերին որքան գումար է հավաքագրվել․ «Այս խնդիրներով ու չվճարումներով հանդերձ վերջին 2-3 օրվա ընթացքում մենք ավելի շատ գումար ենք հավաքել։ Մենք ուրբաթ հավաքել ենք դրա նախորդ օրվանից 1 միլիոն 700 հազարից ավելի, շաբաթ և կիրակի մոտավորապես 9 միլիոն դրամ ավելի գումարենք հավաքագրել նախորդ շաբաթ և կիրակիի համեմատ։ Միայն այս տարի Երևանի քաղաքապետարանը ստիպված է եղել 8,5 մլրդ դրամ դոտացիա տալ Երևանի ավտոբուս ՓԲԸ-ին, որովհետև այս նոր շարժակազմերը պահելը և նրանց տեխնիկական սպասարկումը և մնացած բոլոր ծախսերը կտրականապես աճել են»։