Պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն այսօր դատարանում լրացրեց նախկին նիստում արված միջնորդությունը՝ Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:
Մեժլումյանը հղում կատարեց «յոթի» գործով դատապարտվածներին ու ազատ արձակվածներին՝ ասելով, որ այս դեպքում գործում է խտրական մոտեցում:
Մեժլումյանի միջնորդության ընթացքում տուժող կողմի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը փորձեց խանգարել փաստաբանի ելույթը՝ տեղից ակնարկելով եւ առարկելով դատավորին, թե նա թույլ է տալիս փաստաբանին երկրորդ անգամ փաստարկներ ներկայացնել։ Դատավորն առարկությունները մերժեց։
Այնուհետեւ 300.1 հոդվածով քրեական հետապնդման դադարեցման նման միջնորդությամբ հանդես եկավ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։
Ենթադրվող գործողության շրջանում Խաչատուրովը զբաղեցնում էր մայրաքաղաքի կայազորի պետի պաշտոնը։ Փաստաբանն ասաց, միանգամայն անհասկանալի է, թե առհասարակ ինչ կապ ունի իր պաշտպանյալը ձեւակերպված մեղադրանքի հետ. «Պարզ չեն ոչ գործողությունները, ոչ անգործությունը, անհասկանալի է, թե ինչում է ըստ էության մեղադրվում Յուրի Խաչատուրովը։ Ինչպես նշեց իմ գործընկերը, օրենքը հակառակ գործողություն, որը կվատացներ վիճակը, չունի»,- հիշեցրել է փաստաբանը՝ վկայակոչելով ինչպես հայրենական, այնպես էլ միջազգային օրենսդրությունը։



