Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գործադիրի ղեկավարի՝ սևազգեստ մարդկանց մասին օրերս հնչեցրած հայտնի հայտարարությանը՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասաց՝ չեմ կարծում, որ վարչապետը սկանդալային հայտարարություն է արել․
«Եթե ուշադիր լսեիք հայտարարությունը, վարչապետը որևէ ցուցում չի տվել՝ հակաիշխանական ելույթներ ունեցող անձնաց նկատմամբ որևէ ներազդեցուն ունենալու։ Հստակ ցուցումը տրվել է, և ոստիկանությունն այս երկու օրը, ինչպես նաև ԱԱԾ-ն՝ իր մասով, կատարում են համապատասխան աշխատանքներ», - ասաց նա։
Արթուր Վանեցյանը նաև հայտնեց, որ սևազգեստ մարդկանց շրջանակը պարզ է իրենց․
«Մարդիկ կան, որ քարոզում են ատելություն, քարոզում են ուժի կիրառում։ Եթե կլինեն հստակ դեպքեր, այդ անձանց նկատմամբ կիրականացվեն օրենքով մեզ տրված բոլոր լիազորությունները, որպեսզի նման անձինք մեկուսացվեն հասարակությունից», - ասաց ԱԱԾ տնօրենը։
Դիտարկմանը՝ վերջին շրջանում սև հագուստներով և հակաիշխանական կոչերով հանդես են գալիս «Ադեկվատ» թիմի անդամները, հնարավո՞ր է՝ վարչապետը նրանց նկատի ուներ, Վանեցյանը պատասխանեց, որ չգիտի՝ ում մասին է խոսքը։



