
Հինգշաբթի Հյուսիսային Կորեայի արձակած բալիստիկ հրթիռներից առնվազն մեկը թռել է մոտ 800 կիլոմետր: Այս մասին հայտնել է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով հարավկորեացի զինվորականներին։ Ավելի վաղ Կորեայի Հանրապետության զինված ուժերի միացյալ շտաբների պետերի կոմիտեն հայտնել էր, որ Հյուսիսային Կորեան տեղի ժամանակով ժամը 08:10-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 02:10-ին) Վոնսան շրջանից մի քանի փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: «Արձակված հրթիռն անցել է մոտ 800 կիլոմետր եւ ընկել Ճապոնական ծովը»,- հայտնել են հարավկորեացի զինվորականները։ «Ժամը 08:10-ից մինչեւ 09:20-ը Վոնսան շրջանից դեպի Ճապոնական ծովի ուղղությամբ փոքր հեռահարության տարբեր հրթիռների արձակումներ են գրանցվել»,- պարզաբանել են կոմիտեում: «Բալիստիկ հրթիռներից մեկը թռել է 250 կիլոմետր եւ ընկել Ալսոմ կղզու վրա, կա հրթիռ, որն անցել է 350 կիլոմետր՝ թռչելով Ալսոմ կղզուց 100 կիլոմետր հեռու»,- նշել է հարավկորեացի սպան։ Ալսոմը անմարդաբնակ է եւ երբեմն օգտագործվում է որպես թիրախ հրթիռների փորձարկման ժամանակ։ Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեայի հրթիռի արձակումը «լուրջ սպառնալիք է Կորեական թերակղզում խաղաղության եւ կայունության համար, ակնհայտ սադրանք», որը հարավկորեական կողմը «խստորեն դատապարտում է»: «Մենք ուշադիր հետեւում ենք Հյուսիսային Կորեայի գործողություններին՝ ԱՄՆ-ի հետ համատեղ մարտական պատրաստվածություն պահպանելով, որպեսզի Հյուսիսային Կորեան սխալներ չգործի։ Պատրաստ ենք վճռական պատասխան տալ ցանկացած սադրանքի»,- նշել են կոմիտեում։