
Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար Հան Դոկ Սուն ակնկալում է, որ այս շաբաթ Միացյալ Նահանգների հետ առևտրային բանակցությունները կհանգեցնեն փոխշահավետ արդյունքի: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը:
«Սպասվում է, որ առաջիկա հանդիպումը, որը կայանալու է ամերիկյան կողմի խնդրանքով, հաշվի առնելով Հարավային Կորեայի հետ առևտրային հարաբերությունների կարևորությունը, ճանապարհ կբացի դեպի փոխշահավետ լուծումներ՝ հիմնված անկեղծ երկխոսության և համագործակցության վրա», - ասել է նախագահի պաշտոնակատարը նախարարների կաբինետի նիստի ժամանակ։
Հարավային Կորեան և Միացյալ Նահանգներն իրենց ֆինանսների ու առևտրի նախարարների մասնակցությամբ «2+2» ձևաչափով առևտրային բանակցություններ կանցկացնեն ապրիլի 24-ին։
Սա կլինի ամերիկյան մաքսատուրքերի մեղմացման շուրջ բարձր մակարդակով բանակցությունների առաջին փուլը:
Ապրիլի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է մի շարք երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին։
Հարավային Կորեայի նկատմամբ սահմանվել են 25% մաքսատուրքեր, որոնք ժամանակավորապես՝ 90 օրով, իջեցվել են մինչև 10%։