Եվրոպական միության արտաքին քաղաքականության գլխավոր պաշտոնյան հայտարարել է, որ ԵՄ անդամակցության թեկնածու Սերբիան կանգնած է «ռազմավարական ընտրության» առաջ, ընդամենը մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ այդ երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչն անտեսելով ԵՄ նախազգուշացումները՝ Մոսկվայում մասնակցել է ռուսաստանյան Հաղթանակի շքերթին, հաղորդում է Associated Press-ը։
«Սերբիան կանգնած է ռազմավարական, աշխարհառազմավարական ընտրության առաջ»,- ասել է Կայա Կալլասը Բելգրադ կատարած իր այցի ժամանակ։ Նա նշել է. «Սերբիայի եվրոպական ապագան կախված է այն արժեքներից, որոնք նա կնախընտրի պաշտպանել»։
Մայիսի 9-ին Մոսկվայում շքերթին Վուչիչի ներկայությունը լայնորեն դատապարտվել է Բրյուսելում, իսկ ԵՄ ներկայացուցիչները նախազգուշացրել են, որ նման գործողությունները լրջորեն խաթարում են Սերբիայի՝ ԵՄ անդամակցության ուղին։
Կալլասը հայտնել է, որ այցը քննարկել է Վուչիչի հետ։ «Եվ ես հայտնել եմ իմ տեսակետը, որը շատ հստակ է»,- ասել է նա։
«Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչու է անհրաժեշտ կողք կողքի կանգնել մի մարդու հետ, որն այս սարսափելի պատերազմն է վարում Ուկրաինայում»,- ասել է նա։ «Եվ նախագահ Վուչիչը բացատրել է պատմության իր վարկածը։ Այնպես որ, այո, մենք շատ լայն քննարկում ենք ունեցել այս հարցի շուրջ»։