Իրաքի հյուսիսում՝ քրդական ինքնավար շրջանում գտնվող «Խոր Մոր» (Khor Mor) գազահանքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով դադարեցվել է դրա աշխատանքը։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Հարձակման հետևանքով Իրաքյան Քուրդիստանի բնակավայրերի ավելի քան 70 տոկոսը մնացել է առանց էլեկտրականության։
Դեռևս հայտնի չէ, թե ով է կանգնած հարձակման հետևում։
Իրաքի պաշտոնական լրատվական գործակալության (INA) փոխանցմամբ՝ Քուրդիստանի էլեկտրաէներգետիկայի նախարարության խոսնակ Օմիդ Ահմեդը հայտնել է, որ հարձակման հետևանքով դադարեցվել է գազի մատակարարումը Էրբիլ, Սուլեյմանիա, Բազիան, Չամչամալ և Դուհոկ քաղաքների էլեկտրակայաններին։
Նա հավելել է, որ նախարարությունը կապահովի կենսական նշանակության օբյեկտների, այդ թվում՝ հիվանդանոցների և ջրի մաքրման կայանների էլեկտրամատակարարումը՝ գործարկելով հիդրոէլեկտրակայաններ և այլընտրանքային վառելիքով աշխատող էլեկտրակայաններ։
Իրաքի վարչապետ Ալի ալ-Զայդին հայտնել է, որ նախնական գնահատմամբ հարձակման հետևանքով տուժածներ չկան։
Նա հանձնարարել է հարձակման հանգամանքները պարզելու նպատակով քրդական տարածաշրջանի իրավասու մարմինների հետ համատեղ քննչական հանձնաժողով ստեղծել։
Հարձակումը տեղի է ունենում տարածաշրջանային լարվածության սրման ֆոնին։ Նախորդ տարի օբյեկտը կրկին ենթարկվել էր անօդաչու թռչող սարքի հարձակման, սակայն որևէ խմբավորում պատասխանատվություն չէր ստանձնել դրա համար։



