Սերբիան սկսել է զրահամեքենաներ տեղափոխել Կոսո...

Սերբիայի բանակը սեպտեմբերի 25-ին սկսել է զրահամեքենաների տեղափոխումը Կոսովոյի հետ վարչական սահման։ Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է սերբական «Բլից» պարբերականը։

«Ռազմական քարշակները զրահապատ մեքենաներ են տեղափոխել դեպի Ռաշկա (Սերբիայի հարավ-արևմուտքում գտնվող մարզ, սահմանակից է Կոսովոյին)», - հրատարակությունը մեջբերում է իր թղթակցի հաղորդագրությունը։

«Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ Կոսովոյի հյուսիսում արտակարգ իրավիճակ է ստեղծվում», - նշում է պարբերականը:

Երկրի հյուսիսում իրավիճակը բարդացել է նախօրյակին։ Ինչպես հայտնել էր «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 24-ին շուրջ 30 էթնիկ սերբ զինյալներ բարիկադավորվել էին Սերբիայի սահմանի մոտ գտնվող Բանսկա գյուղի սերբական ուղղափառ եկեղեցում։ Կոսովոյի ոստիկանները պաշարել են եկեղեցին։ Փոխհրաձգության հետևանքով զոհվել է կոսովցի 1 ոստիկան և 3 սերբ զինյալ։

Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին տեղի ունեցածի մեջ մեղադրել է Սերբիայի իշխանություններին՝ հայտարարելով, որ  «ահաբեկչական հարձակումն» իրականացրած զինյալներին հովանավորել և հրահրել է Բելգրադը։

Իր հերթին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը սեպտեմբերի 24-ի երեկոյան տեսաուղերձում դատապարտել է կոսովցի ոստիկանի սպանությունը։ Նա միևնույն ժամանակ հայտարարել է, որ միջադեպի մեղավորը Ալբին Կուրտին է, քանի որ վանքում տեղի ունեցած միջադեպից առաջ էթնիկ սերբերը Կոսովոյի հյուսիսում ամիսներ շարունակ «ենթարկվել են սադրանքների»։

«Բլից»-ը նշում է, որ սեպտեմբերի 25-ին Կոսովոյի հյուսիսում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, թեև միջադեպի վայրը դեռևս արգելափակված է։ Բացի այդ, առաջվա պես փակ են Սերբիայի և Կոսովոյի վարչական սահմանի երկու անցակետերը՝ Յարինեն և Բռնյակը։

Մայիսին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո Կոսովոյի հյուսիսում իրադրությունը լարված է։ Հիմնականում սերբերով բնակեցված շրջաններում նշանակվել են կոսովցի ղեկավարներ այն բանից հետո, երբ սերբերը բոյկոտել էին ընտրությունները։ Լարվածությունը զսպելու համար ՆԱՏՕ-ն ընտրություններից հետո լրացուցիչ 700 զինվորի է տեղակայել Զվեչան քաղաքում։ Կողմերի միջև բախումների ընթացքում վիրավորվել է ՆԱՏՕ-ի շուրջ 30 խաղաղապահ և 50 սերբ ցուցարար։