Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրել է 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ամփոփելով իրականացված աշխատանքները, գրանցված արդյունքներն ու ընկերության հետագա զարգացման առաջնահերթությունները։
Սա ԶՊՄԿ-ի հինգերորդ Կայուն զարգացման հաշվետվությունն է։ Ընկերության հաղորդմամբ՝ ԶՊՄԿ-ն Հայաստանում միակ ընկերությունն է, որը նման հաշվետվություն ներկայացնում է ամեն տարի։ Արդեն երրորդ անգամ հաշվետվությունն անցել է նաև արտաքին աուդիտ։
2025 թվականի հաշվետվության շրջանակում առաջին անգամ իրականացվել է կրկնակի էականության գնահատում (DMA)։ Այն հնարավորություն է տալիս գնահատել ինչպես կայուն զարգացման գործոնների ազդեցությունը ընկերության գործունեության վրա, այնպես էլ ընկերության գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի և համայնքների վրա։
Ընկերության տվյալներով՝ ԶՊՄԿ-ն նաև Հայաստանում առաջինն է իրականացրել TNFD շրջանակին համապատասխան գնահատում՝ ուսումնասիրելով բնության հետ կապված ազդեցությունները, կախվածությունները, ռիսկերն ու հնարավորությունները։
Մշակվել է նաև ԶՊՄԿ-ի՝ 2026–2040 թվականների կլիմայական փոփոխության ռազմավարությունը։ Դրանով կլիմայական հարցերը նախատեսվում է ներառել ընկերության երկարաժամկետ բիզնես պլանավորման գործընթացում։
Միաժամանակ շարունակվել են գործող պոչամբարի կառավարման և մոնիթորինգի համակարգերի կատարելագործման աշխատանքները՝ միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնելու նպատակով։



