Սենատը հինգերորդ անգամ մերժել է Իրանի դեմ Թրա...

ԱՄՆ Սենատն այս տարվա ընթացքում արդեն հինգերորդ անգամ տապալել է այն բանաձևի քվեարկությունը, որը կարող էր սահմանափակել նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի դեմ։ Այս մասին հայտնում է NBC News-ը։

Ինչպես գրում է NBC News-ը, 46 սենատոր կողմ է քվեարկել, սակայն դեմ են եղել 51-ը։ Եվս երեքը քվեարկությանը չեն մասնակցել։

Սենատոր Ջոն Ֆեթերմանը միակ դեմոկրատն էր, ով դեմ քվեարկեց, իսկ Ռենդ Փոլը՝ միակ հանրապետականը, ով կողմ քվեարկեց ։

NBC News-ը նշում է, որ ձախողված արդյունքը սպասելի էր և հայտնի դարձավ Սենատում բանավեճերից մոտ մեկ ժամ անց։

Ինչպես հայտնի է, փաստաթուղթը նախատեսում է «ԱՄՆ զինված ուժերի դուրսբերում Իրանի տարածքում կամ դրա դեմ ուղղված մարտական գործողություններից, որոնք չեն արտոնվել Կոնգրեսի կողմից»։

Սա դեմոկրատների կողմից ներկայացված հինգերորդ բանաձևն է՝ ուղղված առանց Կոնգրեսի հավանության Իրանում Թրամփի գործողությունները սահմանափակելուն: Դեմոկրատները հայտարարել են, որ կշարունակեն պատերազմական լիազորությունների բանաձևեր ներկայացնել այնքան ժամանակ, քանի դեռ հանրապետականները չեն համաձայնի Իրանի հարցով հանրային լսումներ անցկացնել: