Սենատորներ Բոբ Մենենդեսը եւ Մարկո Ռուբինն Ադր...

ԱՄՆ սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ  Բոբ Մենենդեսն այսօր երկկուսակցական բանաձեւ է ներկայացրել, որը դատապարտում է ադրբեջանական ուժերի կողմից ապօրինի եւ անհիմն հարձակումը հայկական հողի վրա եւ կոչ է անում Միացյալ Նահանգներին անհապաղ դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին անվտանգության ոլորտում։ 

Երկկուսակցական բանաձեւը, որն ընդունվել է Հայաստանի դեմ ադրբեջանական ուժերի կողմից ռազմական գործողությունների վերջին սրման հետեւանքով, նախագահ Ջո Բայդենին կոչ է անում պաշտոնական որոշում կայացնել այն մասին՝ արդյո՞ք Ադրբեջանի պաշտոնյաները պետք է պատժամիջոցների ենթարկվեն՝ «Մարդու իրավունքների համար պատասխանատվության գլոբալ Մագնիտսկու օրենքի» համաձայն: Նա նաեւ կոչ է անում Պետդեպին կատարել բոլոր կանոնադրական հաշվետվությունների պահանջները՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնությունը վերանայելու համար կառավարության հաշվետվողականության գրասենյակի (GAO) վերջին զեկույցից հետո, որում ասվում է, որ կառավարությունը շարունակում է բացառություններ անել՝ շրջանցելով 1992-ի օրենքը, որն արգելում է ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին առանց օրենքով սահմանված պարտադիր հաշվետվողականության եւ հիմնավորման պահանջների։

«Հայկական տարածքի վրա Ադրբեջանի վերսկսած հարձակումը եւ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա անսիրտ հարձակումները մարդկային կյանքի հանդեպ անհարգալից վերաբերմունքի սարսափելի դրսեւորում են»,- ասել է Մենենդեսը։ «Քանի որ տարածաշրջանի համայնքները, այդ թվում՝ Կապանը, Գորիսը, Ջերմուկը, Վարդենիսը և Ճակատենը, տուժում են Ալիեւի վարչակարգի ձեռքից, Միացյալ Նահանգները պետք է համադրի աջակցության խոսքերը Հայաստանի ժողովրդի վճռական գործողությունների հետ: Այս բանաձեւով մենք հստակ հասկացնում ենք, որ ԱՄՆ կառավարության համար ազգային անվտանգության հրամայական է ճիշտ վարվելը եւ մեկընդմիշտ դադարեցնելն աջակցությունը Ադրբեջանին անվտանգության ոլորտում»:
Բանաձեւը ներկայացվել է սենատոր Մարկո Ռուբիոյի հետ համատեղ։

Բանաձեւը հետեւում է Մենենդեսի՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակին, որում նա կոչ էր անում Բայդենի վարչակազմին լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանի վերսկսված ռազմական ագրեսիան հետ մղելու փորձերում  հայ ժողովրդին աջակցելու համար:

«Քանի որ մենք ադրբեջանական վերջին հարձակման ականատես ենք, վարչակազմը չպետք է նսեմացնի ադրբեջանական հարձակումը՝ անաչառ երեւալու համար։ Նախագահ Բայդենը 2022-ի իր ելույթում ասել է, որ «...երբ բռնապետերը գին չեն վճարում իրենց ագրեսիայի համար, նրանք էլ ավելի մեծ քաոս են առաջացնում,- գրել է Մենենդեսը:- Միացյալ Նահանգները հնարավորություն ունի աջակցելու հայ ժողովրդին, երբ նա փորձում են հետ մղել ավտորիտար հարձակումը»։