Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վ...

Ընդհանուր իրավասության դատարանում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:

Նիստերը տևական ժամանակ տեղի չէին ունենում՝ պայմանավորված նախընտրական և հետընտրական գործընթացներով: Իսկ վերջին մի քանի նիստերը հետաձգվում էին այն պատճառաբանությամբ, թե Արմեն Գևորգյանը պատգամավոր է և մասնակցում է ԱԺ նիստերին: Նախորդ նիստին դատավորը որոշում կայացրեց բերման ենթարկել Գևորգյանին, եթե այս նիստին ևս նա չներկայանա: Արմեն Գևորգյանն այսօրվա նիստին ներկա էր:

Քոչարյանի պաշտպան Հովհաննես  Խուդոյանը, որպես Սեդրակ Քոչարյանի լիազոր ներկայացուցիչ, միջնորդություն էր ներկայացրել ամբողջությամբ վերացնելու Քոչարյանի գույքի վրա նախաքննական մարմնի կողմից դրված արգելանքը: Մեղադրող կողմն առարկեց միջնորդությանը՝ հիշեցնելով մեղադրանքը, որն առաջադրված է Ռոբերտ Քոչարյանին՝ 927 մլն դրամ ենթադրաբար կաշառք վերցնելու հատկանիշով: Դատավոր Աննա Դանիբեկյանն ամբողջությամբ վերացրեց Սեդրակ Քոչարյանի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական միջոցների, բաժնետոմսերի ու ակտիվների վրա դրված արգելանքը և արգելանքի տակ թողեց միայն Ռոբերտ Քոչարյանի այն գույքը, որն անհրաժեշտ է որպես հայցի ապահովման միջոց և դատական ծախսերը հոգալու համար: