ՍԴ որոշումից հետևում է, որ պարոն Քոչարյանի նկ...

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը ուսումնասիրել է Սահմանադրական դատարանի երեկ հրապարակված որոշումը և եզրակացրել՝ Քոչարյանը պետք է անհապաղ ազատության մեջ լինի։

«Սահմանադրականի դատարանի որոշման մեջ կան իրավական դիրքորոշումներ, որոնցից ուղղակիորեն հետևում է, որ պարոն Քոչարյանը առ այս պահը ապօրինաբար է գտնվել կալանքի տակ և առ այս պահը պարոն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվել է ապօրինի», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց պաշտպան Հայկ Ալումյանը։
 «Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրությունը չի ամրագրում հատուկ ընթացակարգ, որի շրջանակներում պաշտոնաթող Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող գործողությունները որևէ պետական մարմնի կողմից կարող են գնահատվել որպես Հանրապետության նախագահի կարգավիճակից բխող կամ չբխող։

Սահմանադրական դատարանն այսպիսով ասում է, որ չկա մի այնպիսի մարմին կամ ընթացակարգ, որից կարելի կլինի հետևության գալ, թե պաշտոնաթող նախագահին վերագրվող քրեական գործողությունները բխո՞ւմ են նրա կարգավիճակից, թե՞ ոչ։ Այսինքն՝ սրանից հետևություն՝ եթե չկա այդպիսի մարմին, որ այդ հարցին կարող է պատասխան տալ, չի կարող օրինական լինել Վերաքննիչ կամ որևէ այլ դատարանի որոշում, որ պարոն Քոչարյանի կարգավիճակից չի բխել այն, ինչ նրան այսօր վերագրվում է»,- ասաց նա։