Քաղաքական հետապնդում, լռեցնելու փորձ: Այսպես է բնութագրում իր դեմ հարուցված քրեական գործը «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանը: Նշենք, որ նա մեղադրվում է հրապարակային բռնության կոչեր հնչեցնելու համար, իբրև թե Սայաթ Շիրինյանն իր ֆեյսբուքյան էջում արյունահեղության կոչեր է հնչեցրել:
Գործը հարուցվել է անցած տարի դեկտեմբերի 23-ին, Շիրինյանը ձերբակալվել է, սակայն հետագայում առաջին ատյանի դատարանը ձերբակալությունը ճանաչել է ոչ իրավաչափ՝ արձանագրելով, որ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չի: Դատախազության բողոքից հետո վերաքննիչ դատարանը որոշումը թողել է անփոփոխ, դատախազությունը բողոքել է Վճռաբեկ դատարան, սակայն Վճռաբեկը բողոքը վարույթ չի ընդունել:
«Կա ընդամենը մեկ հոգու ցուցմունք և այդ մի հոգին հիմա արդեն դարձել է Քանաքեռ Զեյթունի ոստիկանության բաժնի պետ, մինչ այդ նա Արաբկիրի ոստիկանության օպերատիվ աշխատանքների գծով տեղակալն էր՝ Զորիկ Ավդիշոևը: Վստահ եմ, որ հենց իր գործը լավ անելու համար էլ պաշտոն է ստացել: Բայց ինչն է հետաքրքիր, որ քննիչը զննությամբ նմանատիպ գրառում, որով ինձ մեղադրանք է առաջադրվել, չի հայտնաբերել»,-ասաց Սյաթ Շիրինյանը:
Նրա խսքով՝ քննիչը հարցաքննել է իր ֆեյսբուքյան ընկերներից 20-ից ավելի մարդկանց, որոնք ակտիվ են սոցիալական ցանցերում և որևէ մեկը նման հրապարակում չի տեսել, բայց գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
«Ինչպես այս իշխանությունները սովոր են, գործ կարել մեկի ցուցմունքով, նույն դեպքն էլ հիմա է: Քննիչը հարց է տալիս Զորիկ Ավդիշոևին, թե ինչպես կպարզաբանեք, որտեղ եք տեսել այդ գրառումը, վերջինս էլ ասում է, թե չեմ հիշում: Մեղադրանքի էությունն այն է, որ ես ոչ թե գրառում եմ արել, այլ ինչ-որ մեկին քոմենթ եմ գրել և ում որ ես գրել եմ, նա էլ է պնդում, որ նման բան չկա:
Այստեղ կոպիտ դատավարական խախտումներ էլ կան, եթե ինքը նման գրառում հայտնաբերել էր, ապա պետք է արձանագրություն կազմեր, ընթերականներով պետք է փաստը արձանագրեր, որ իսկապես իմ էջում կա այդպիսի գրառում, ըստ էության ինձ վերագրում են այնպիսի արարք, որ ես չեմ արել»,-ասաց նա:



