«Հայաստան» դաշինքը գնում է ամբողջական իշխանության ձեւավորման, նոր որակի իշխանության ձեւավորման ճանապարհով: Այս մասին հունիսի 2-ին կայացած ճեպազրույցում հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ կոալիցիա կազմելու վերաբերյալ պայմանավորվածություն չկա, այս պահի դրությամբ այդ հարցը չի քննարկվել որեւէ քաղաքական ուժի հետ: Մնացածը՝ ընտրություններից հետո: «Ամեն դեպքում, մեզ համար կան «կարմիր գծեր»՝ քաղաքական ուժեր, որոնց հետ մենք ոչ մի դեպքում չենք համագործակցի: Մեկին ես նշեցի (ներկայումս Հայաստանում իշխողը- խմբ.): Անհրաժեշտության դեպքում մյուսներին էլ կնշենք»,- ասաց Սաղաթելյանը: Ամենավատ բանը, հավելեց նա, այն է, որ կան ուժեր, որոնք իրենց դիրքավորում են որպես ընդդիմություն, բայց իրականում խլում են ընդդիմության ձայները: «Բայց նրանք չեն կարող շատ խանգարել մեզ»,- հավելեց Իշխան Սաղաթելյանը:
Նա հայտնեց, որ հունիսի 4-ից դաշինքի ներկայացուցիչները կսկսեն ակտիվորեն աշխատել բնակչության հետ, կայցելեն շուրջ 200 քաղաքներ եւ գյուղեր, կանցկացնեն հանդիպումներ առանց տեսախցիկների, կզրուցեն քաղաքացիների հետ, կբացատրեն իրավիճակը: Սաղաթելյանը խոստովանեց, որ շատ հեռավոր գյուղեր ապրում են հանրային հեռուստատեսության նորություններով եւ գտնվում են պաշտոնական քարոզչության ազդեցության տակ: «Մենք բոլոր հնարավորությունները կօգտագործենք՝ ճշմարտությունը մարդկանց փոխանցելու համար: Հարցումները ցույց են տալիս, որ իրավիճակն օրեցօր փոխվում է»,- նշեց Սաղաթելյանը:



