Սասուն Խաչատրյանին հունից հանեց Քյարամյանի մա...

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը մինչ ԱԺ-ում Աղազարյան-Քյարամյան միջադեպը տեղեկություն չի ունեցել, որ Արգիշտի Քյարամյանին որևէ գործով զանգել են։

«Բայց որտեղի՞ց պետք է տեղյակ լինեի։ Նման հաղորդում չեմ ստացել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սասուն Խաչատրյանը։

Հարցին՝ ինքն արդյոք իշխանություններից զանգ ստացել է՝ այս կամ այն գործով օգնելու, պատիժ մեղմելու համար․ «Ոչ։ Նախ՝ մենք պատիժ նշանակող չենք, մենք քննություն իրականացնող մարմին ենք և նման միջնորդություններ՝ իշխանությունից, օգնել ․․․ չգիտեմ, գուցե նաև իմ անձի հետ է կապված, ինձ նման միջնորդություններով չեն դիմում»

Հարցին՝ Փաշինյանն էլ չի կարող զանգել, Խաչատրյանը պատասխանեց․ «Ինձ նման միջնորդություններով չեն դիմում, գիտեն, որ չեմ անի»։

Դիտարկմանը, թե ինչու սեփական նախաձեռնությամբ վարույթ չեն նախաձեռնել, երբ ԱԺ-ում Քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարում էր, որ ՔՊ-ական պատգամավորի որդու անունից իրեն մի քանի անգամ միջնորդություն  են ներկայացրել՝ Խաչատրյանը նշեց. «Պետք է լինի հանցագործության մասին առիթ, այսինքն պետք է լինի հաղորդում: Այս դեպքում մենք հաղորդում չենք ստացել, մեր սեփական նախաձեռնությամբ էլ վարույթ չենք նախաձեռնել, որովհետեւ չենք գտել դրա առիթը»:

Հարցին՝ ստացվում է, որ կասկածի տա՞կ են դրել ՔԿ նախագահի հայտարարությունը, Սասուն Խաչատրյանն արձագանքեց. «Մենք կասկածի տակ չենք դնում, սակայն մենք այդ հայտարարության հիման վրա վարույթ չնախաձեռնելու որոշում ենք կայացրել, Դատախազության հանձնարարության արդյունքում նոր վարույթ ենք նախաձեռնել: Քննիչը գտել է, որ վարույթ նախաձեռնելու հիմքեր չկան:

Մենք ամեն օր ստանում ենք տասնյակ հաղորդումներ, դուք պատկերացրեք, որ մենք ցանկացած հաղորդմամբ վարույթ նախաձեռնեինք»:

Նա նշեց, որ լրագրողներն այնպես են խոսում, ասես՝ արդեն մեղադրական դատավճիռ արդեն կա, մինչդեռ պետք է քննություն իրականացվի, հասկանան։ Սասուն Խաչատրյանը նշեց է, որ Քննչական կոմիտեի ղեկավարը չի ասում, որ ճնշումներ կան իր նկատմամբ․ «բառացի լսեք»։

Խաչատրյանը հայտարարեց, որ Հայաստանում զանգովի արդարադատություն չկա: