«Սասնա Ծռեր» կուսակցությունը մայիսի 25-ին ավտոերթ իրականացրեց դեպի Արցախ: Կուսակցականները պնդում են՝ Արցախը պետություն չէ, այլ Հայաստանի մարզ:
Կուսակցությունը 2 ամսից՝ օգոստոսի 17-24-ը կազմակերպում է վրանային ճամբար՝ 18-30 տարեկան անձանց համար: Ինչպես նշված է միջոցառման նկարագրության մեջ, ճամբարի ընթացքում կկազմակերպվեն արշավներ, սպորտային մրցաշարեր, քննարկումներ Հայոց պետականության շուրջ, կանցկացնեն դասախոսություններ տարբեր մտավորականներ և քաղաքագետներ, տեղի կունենան հանդիպում-զրոյցներ ազատամարտիկների, նախկին քաղբանտարկյալների, ազգային և հասարակական գործիչների հետ։
Politik.am-ը «Սասնա Ծռեր»-ի անդամ, ճամբարի կազմակերպիչ Արեգ Կյուրեղյանից հետաքրքրվել է, մասնակցության կուսակցական սահմանափակումներ լինելու՞ են, թե՞ «Սասնա Ծռեր»-ից բացի այլ կուսակցությունների ներկայացուցիչներ ևս կարող են մասնակցել.«Ոչ, բացարձակապես տարբերակում չկա, յուրաքանչյուրն ազատ է մասնակցել, իհարկե, ոչ այն քաղաքական ուժերի համար, որոնք մեր կողմից դիտվում են «դավաճանական» ուժեր»: Հարցին, թե որո՞նք են այդ ուժերը, Կյուրեղյանը նշեց. «Օրինակ՝ հանրապետականները»:
Հարցրինք նաև, թե ինչու՞ է հենց այդ տարիքային խումբն ընտրվել: «Ճամբարը երիտասարդների համար է կազմակերպվում. 18-ից սկսված, որպեսզի նաև չափահաս լինեն, մինչև 30, որ տարիքային տարբերությունը շատ մեծ չլինի»,-ասաց Կյուրեղյանը՝ նշելով, որ լինելու են քաղաքական թեմաներով քննարկումներ, հայոց պատմության մասին քննարկումներ,-«Բայց կոնկրետ քաղաքական նպատակ չենք հետապնդում»,-ընդգծեց նա:



