«Սանիթեք»-ի այս քայլը կարող է վնաս լինել և՛ մ...

«Մեր հասարակությունը երկար ժամանակ սպասում էր այս խնդրի լուծմանը և ոչ մեկնաբանություններին»,-այս մասին այսօր Կառավարության մոտ հրավիրված հրատապ ասուլիսի ընթացքում հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ խոսելով «Սանիթեք» ընկերության՝ Թբիլիսիում հրավիրված մամուլի ասուլիսի մասին: 

««Սանիթեք»-ի այս քայլը կարող է վնաս լինել և՛ մեր քաղաքին, և՛ մեր պետությանը, այն կարող է հեղինակազրկել մեր պետական ինստիտուտները, որովհետև խոսքը մի կազմակերպության մասին է, որը հանդիսանում է օտարերկրյա ներդրող, և այդ ներդրողի կողմից հարևան պետության մայրաքաղաքում ասուլիս իրականացնելը, կարծում ենք, ուղղակիորեն ազդելու է Երևանի հեղինակության վրա, և հենց այստեղ է, որ ես պետք է կոչ անեմ «Սանիթեք»-ի համասեփականատերերին, «Սանիթեք»-ի ղեկավարությանը զերծ մնալ այդ քայլից, որովհետև դրանով վատ նախադեպի սկիզբ է դրվելու ոչ միայն մասնավոր կազմակերպության և համայնքի կամ պետության համագործակցության կամ քննարկումների հարցում, այլև մյուս ներդրողների»,-ասաց նա:

Խաժակյանը նաև կոչով դիմեց լրագրողներին.«Պատկերացրեք մի շարք միջազգային այլ ներդրողներ ևս  ձեզ հրավիրեն այլ պետություններում ասուլիս իրականացնելու, և Երևանին կամ Հայաստանին վերաբերող հարցերը քննարկեն այնտեղ: Մենք կարծում ենք, որ այդ ասուլիսը չպետք է այնտեղ կայանա: Ես կրկին կոչ եմ անում «Սանիթեք»-ի սեփականատերերին գալ Երևան և այստեղ պատասխանել թե՛ երևանցիների, թե՛ լրագրողների հարցերին, որովհետև անկախ բոլոր այն պատճառաբանություններից, ինչ «Սանիթեքը» կարող է բերել, սա ինքնին վատ նախադեպ է»:

Մանրամասները՝ տեսանյութում: