Սեպտեմբերի 2-ին կլրանա Արցախի Հանրապետության անկախության 28-ամյակը։ Սա նվաճում էր հայ ժողովրդի համար, որը կարելի է անհավանականներից համարել։ Հայ ժողովուրդը կարողացավ անկարելին դարձնել կարելի և ունենալ երկու հայկական պետություն։ Անկարելին կարելի դարձնելու դժվարին գործում կարևոր է եղել այն նվիրյալների դերը, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի Արցախի անկախությունը դառնա իրականություն։ Politik.am-ը «Անկախ Արցախ 28» խորագրով հրապարակումների շարք է սկսում, որոնց միջոցով կփորձենք բացահայտվել հայ ժողովրդի նվիրյալներին։
Մեր առաջին հրապարակումը Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի՝ Օգանովսկու մասին է։
Ռազմական և քաղաքական գործիչ, գեներալ–մայոր Սամվել Կարապետյանը ծնվել է 1962 թվականին Ստեփանակերտում։ Նա ազգային–ազատագրական շարժման առաջին ակտիվիստներից էր, ով եկել էր այն եզրահանգման, որ բնակչությանը պետք է նախապատրաստել զինված դիմադրության։ 1988 թվականի փետրվարին, երբ Աղդամից բազմահազարանոց ցույցը շարժվեց դեպի Ասկերան, Կարապետյանը այն 200 կամավորների թվում էր, որոնք թույլ չտվեցին շարասյուներին հայկական գյուղ մտնել։
1988-1994 թվականներին նրա հրամանատարությամբ գործող գունդը ազատագրել է 18 հայկական բնակավայրեր, ոչնչացրել 37 ռազմական հենակետեր, շարքից հանել կամ առգրավել հակառակորդի մեծաքանակ զինտեխնիկա։ Մասնակցել է Արաքս գետից մինչև Օմարի լեռնանցք ընթացող ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: 1992 թվականից եղել է Պաշտպանության բանակի Կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատարը:
1993 թվականի մարտին Քարվաճառի ռազմագործողության ընթացքում առաջապահ ստորաբաժանումների բախման ժամանակ վիրավորվել է: Երկրորդ անգամ ծանր վիրավորվել է Հորադիզի մոտ տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ՝ փրկվելով միայն մեկը մյուսի հետևից մի քանի վիրահատությունների արդյունքում: երեք օրում մի քանի վիրահատության ենթարկվելով:
Սամվել Կարապետյանի հերոսկան ճանապարհի մասին գրվել են երգեր և նկարահանվել ֆիլմեր։ Ֆիլմերից մեկը լավագույնս ներկայացնում է նրա ամբողջ մարտական ուղղին։



