Սահմանվում է պացիենտի իրազեկված համաձայնությո...

Կոնվենցիայի նպատակը ևկարգավորման առարկան կենսաբանության ու բժշկության նվաճումների կիրառման ոլորտում մարդու արժանապատվության ևինքնության պաշտպանությունն է, առանց խտրականության, յուրաքանչյուրի անձնական անձեռնմխելիության ու այլ իրավունքների ևհիմնարար ազատությունների երաշխավորումը: Կոնվենցիան ստորագրման համար բացվել է 1997 թվականի ապրիլի 4-ին, ուժի մեջ մտել՝ 1999 թվականի դեկտեմբերի 1-ին: Հայաստանի Հանրապետությունն այն ստորագրել է 2024 թվականի մայիսի 16-ին: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ԱԺ նիստում ներկայացնելով «Կենսաբանության ևբժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների ևարժանապատվության պաշտպանության մասին» (Օվիեդոյի կոնվենցիա) կոնվենցիան վավերացնելու հարցը:

Փոխնախարարի խոսքով կոնվենցիայի պայմանագրային բնույթը պարտավորեցնում է այն վավերացրած պետություններին ընդունել օրենսդրություն կամ համապատասխանեցնել գործող ներպետական օրենսդրությունը կոնվենցիայի հիմնարար սկզբունքներին: Այն միակ միջազգային պայմանագիրն է, որը չի անդրադառնում կենսաբանության և բժշկության ոլորտում պարզապես առանձին հարցերի շրջանակի, այլ այդ բնագավառում ունի իրավունքների ևազատությունների պաշտպանությանն ուղղված համապարփակ կարգավորումների տիրույթ:

Սահմանվում է պացիենտի իրազեկված համաձայնությունը ցանկացած բժշկական միջամտության համար, բժշկական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը, ֆինանսական շահի արգելքն օրգանների կամ հյուսվածքների փոխպատվաստման ընթացքում ևմի շարք այլ դրույթներ:

Անդամ պետությունները կարող են սահմանել պաշտպանության առավել խիստ կարգավորումների շրջանակ, ինչը կոնվենցիայով արգելված չէ:

Հարցերին ի պատասխան՝ փոխնախարարը պարզաբանել է, որ Հայաստանը մեկ հոդվածի հետ կապված վերապահումով է ստորագրել: Հարցը վերաբերում է կոնվենցիայի 14-րդ հոդվածին, որն առնչվում է սեռի հատկանիշով երեխայի խտրական ընտրության բացառմանը: Այդ հոդվածը հակասում է «Մարդու վերարտադրողական առողջության ևվերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետին, որով թույլ է տրվում 3 միեւնույն սեռ ունեցող երեխաների դեպքում 4-րդ երեխայի սեռը որոշել: Ըստ Լենա Նանուշյանի՝ ներկա պահին այդ հարցը ժողովրդագրական կարեւոր նշանակություն ունի մեր երկրի համար:

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Պարսիլյանը քննարկվող հարցի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Կարևորելով կոնվենցիայի ընդունումը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը վերապահման մասով չի համաձայնել Առողջապահության փոխնախարարի այն դիտարկման հետ, թե դա ժողովրդագրական նշանակություն ունի: «Այդ կարգավորման ընդունման պահից՝ 2021 թվականի հունիսից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն այդ կարգավորման շնորհիվ ՀՀ-ում որպես 4-րդ երեխա ծնվել է 16 տղա և 3 աղջիկ»,- նշել է Արսեն Թորոսյանն ու փաստել՝ այդ խտրականությունը, այնուամենայնիվ, առկա է: